Popular Posts

Friday, July 13, 2012

Սահմանադրական նոր փոփոխություննե՞ր

Աշխարհում ոչ մի տեքստ կատարյալ չէ, բացի Աստվածաշնչից, և թերությունների շտկման կարիք միշտ էլ կա, այս մասին Tert.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը Դավիթ Հարությունյանը՝ չբացառելով, որ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ՝ որոշակի թերություններ վերացնելու համար։ 


Սա Դավիթ Հարությունյանի պատասխանն էր այն հարցադրմանը, թե արդյո՞ք ամերիկյան Սահմանադրության օրինակով են առաջնորդվում ՀՀ իշխանությունները: 


Սակայն Դավիթ Հարթյունյանը խուսափեց նշել ինչպես ուղղությունները, այնպես էլ ժամկետները, թե երբ են հնարավոր այդ փոփոխությունները:


Հիշեցնենք, որ 1995 թ. ընդունված ՀՀ սահմանադրությանն արդեն մեկ անգամ փոփոխվել է 2005–ին թվականի սահմանադրական հանրաքվեով:


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը միանշանակ դեմ է սրան:

«Լավ, էլի զզվեցրել են էդ խելոքները … բացի Աստվածաշունչ, հանգիստ թողե՜ք էլի Աստվածաշունչն ու Սահմանադրությունը»,– ասաց նա:


Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Սահմանադրությունը չէ մեղավոր, որ «երկրում կարգուկանոն չկա» ու հավելեց.« Սահմանադրությունը հո չի՞ ասում՝ «Հարսնաքարի» կողքով ով անցնում է բռնեք, ծեծեք կամ՝ հո չի ասում, որ վարչապետի անուն-ազգանունն անպայման պետք է լինի Տիգրան Սարգսյան»:


Մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով մշտապես սահմանադրականության հարցերով մտնում է Սահմանադրական դատարան, հարցին միանշանակ չի մոտենում: Նրա խոսքով, այսինքն, սահմանադրական փոփոխությունների կարիք կա, սակայն սրա համար անհրաժեշտ է առաջին հերթին համարժեք բարոյահոգեբանական մթնոլորտ, քաղաքական որոշակի ընդհանրություններ: 


«Ուժերը, ովքեր կառավարում են, ձևավորում են հասարակական կարծիքը։ Ամենակարևորը դա է: Տեսականորեն, սահմանադրական փոփոխությունների գործընթացը ինքնին կարող է սրա համար խթան հանդիսանալ, իսկ այն, որ կատարյալ տեքստ չկա, ևս ճշմարտություն է»,- բացատրեց Արտակ Զեյնալյանը:


Վերջինիս խոսքով՝ բաժիններն ու ուղղությունները, որ պետք է փոփոխվեն բազմաթիվ են, սակայն նա բերեց օրինակ՝ սահմանադրական օրենքի ինստիտուտի ներմուծումը: «Ասենք, որպեսզի օրենսգրքերը ընդունվեն մեծ թվով ձայներով»,– ասաց նա:


Հիշեցնենք, որ վերջին օրերին շատ է խոսվում երկրի կառավարման ներկա կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու անհրաժեշտության մասին: Անգամ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, կարևորելով առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր միասնական թեկնածուի գաղափարը, նշել էր, որ նա պետք է հստակ պաշտպանի երկու թեզ՝ անցում դեպի վարչապետական համակարգ և ընդդիմության վերահսկողության լծակներ:


Ի պատասխան հարցի, թե ինքը կողմնակի՞ց է կառավարման վարչապետական համակարգին, Արտակ Զեյնալյանն ասաց, որ, այո, սակայն սա իր, ոչ թե «Հանրապետություն» կուսակցության տեսակետն է: 


«Ես կարծում եմ, որ առավել ուժեղ կառավարման համակարգ է վարչապետականը, որը նախատեսում է գործադիր և օրենսդիր իշխանությունների միաժամանակյա՝ միամոմենտ ձևավորում, բայց կարծում եմ՝ դրա վերաբերյալ դեռ վաղ է խոսել»,– ասաց նա:


«Եվ նման արմատական փոփոխություններ չեմ կարծում, թե հնարավոր է իրականացնել լեգիտիմ, սահմանադրական փոփոխություններ անելու միջոցով: Կարելի է մտածել փուլային տարբերակով. մի անգամ միջանկյալ փոփոխություններ իրականացնել, որոնք բոլորի համար են ընդունելի։ Այնուհետև որոշակի վստահության մթնոլորտ ձևավորելու պայմաններում խոսել, քննարկել այդ հետագա զարգացումները»,- ասում է Արտակ Զեյնալյանը:

No comments:

Post a Comment