Popular Posts

Friday, July 20, 2012

Նա ինձ համար Նաիրի Հունանյանից ոչնչով չի տարբերվում



Ես երբևէ որևէ մեկի վրա չեմ կրակել, եղել է միայն ինքնապաշտպանություն, -ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով իր հասցեին Հայաստանի քաղաքագետների միության ղեկավարի հնչեցրած մեղադրանքներին:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի` անէական մարդու անէական խոսքերը մեկնաբանելն այլևս աննպատակահարմար է, քանի որ նա փորձում է իրեն հարիր ոճով ինքնահաստատվել` պախարակելով մարդկանց և փորձելով զուլալ ջուրը պղտորել: Մանրամասնելով դեպքը և մեղադրանքը, որ կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ուղղությամբ` ասաց, որ Միքայել Դանիելյանը և նրա ընկերները ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանական արարքներ են թույլ տվել իր ու էպիլեպսիայով հիվանդ կուսակից ընկերոջ նկատմամբ, որի արդյունքում ինքնապաշտպանվելու համար կրակել է холостой փամփուշտներով: «Ցավում եմ, որ այդ խուլիգանները խիստ պատիժ չկրեցին, որովհետև ունեն արտասահմանյան լուրջ հովանավորություն: Դատն ավարտվեց իմ կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն եզրահանգմամբ, և նա երկու անգամ բողոքարկեց անարդյունք, դրա վերաբերյալ կա պաշտոնական տեղեկատվություն և մեկնաբանելու խնդիր չէ»,- հստակեցրեց Տիգրան Ուրիխանյանը:

Խոսելով Հմայակ Հովհաննիսյանի ակնարկից, թե Տիգրան Ուրիխանյանի նման մարդու հետ մի թիմում լինել չէր կարող` ասաց, որ եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակի, ստիպված կլինի հանրությանը տեղեկացնել, թե նա ինչպես էր խնդրում, աղաչում, պաղատում, որպեսզի իրեն չզրկեն պատգամավորական մանդատից և օժտեն մանդատով, կարծես թե դա պարգև է, հնարավորություններ տվող կարգավիճակ է, ոչ թե պատասխանատվության տիրույթ:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, որ չէր կարող աշխատել մի թիմում, որտեղ Տիգրան Ուրիխանյանը մամլո խոսնակ է: «Նա ինձ համար Նաիրի Հունանյանից ոչնչով չի տարբերվում, քանի որ կրակել հայ մարդու, իրավապաշտպանի վրա»,- ասել էր նա: 

No comments:

Post a Comment