Popular Posts

Monday, July 16, 2012

ՀՀԿ–ի նախընտրական պաստառը դեռ մնում է շենքի վրա

Թեև ՀՀ խորհրդարանական ընտրությունները ավելի քան երկու ամիս է ավարտվել են, սակայն ոչ բոլոր տեղերում են, որ իրականացվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջը, ըստ որի, նախընտրական քարոզչության հետ կապված միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառներն ընտրություններից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից: 


ՀՀԿ կուսակցության գովազդային նման մի պաստառ մինչ օրս փակցված է Գրիգոր Արծրունու 88 հասցեում տեղակայված բարձրահարկ բնակելի շենքի վրա: Գովազդային պաստառը զբաղեցնում է շենքի վերին 8 հարկերի պատակողմյա հատվածը, որտեղ չկան պատուհաններ։ 


Ընտրություններից հետո քաղաքական գովազդ պարունակող պաստառների վերացումը, ըստ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի, առաջին հերթին բխում է կուլտուրայից՝ անկախ նրանից թե ինչ է օրենքը սահմանում:


«Իհարկե պետք է և՛ տվյալ համայնքները, և՛ տվյալ քաղաքական ուժերը կամ մեծամասնակաով առաջադրված պատգամավորի թեկնածուները պետք է միջոցներ ձեռնարկեն համապատասխան ժամանակահատվածում պաստառները վերացնելու ուղղությամբ»,– ասաց նա:


«Եթե որևէ քաղաքական ուժ կամ անձ ընտրությունների ժամանակ իր ուժերն է փորձել, ապա տրամաբանական է, որ ընտրություններից հետո այդ ուժը ինքը պետք է հոգ տանի, որպեսզի իր նկարները կամ գովազդային պաստառները այլ վիճակներում չհայտնեն հանրության աչքի առջև»,- նշեց պատգամավորը և ավելացրեց, որ այս ուղղությամբ պետք է վերահսկողություն իրականացնեն և՛ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛ համայնքները:


Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն հետևել է օրենքի պահանջին և խորհրդարանական ընտրություններից հետո մաքրել է քաղաքական գովազդ պարունակող պաստառները, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.«Ընտրություններից հետո համապատասխան ժամկետներում մաքրվել են Հանրապետական կուսակցության գրեթե բոլոր գովազդային պաստառները: Սակայն բացառություններ, իհարկե, հնարավոր են: Մաքսիմալ կերպով փորձել ենք հանել բոլոր պաստառները»։ 


Ի դեպ, անդրադառնալով առհասարակ քաղաքական գովազդի տեղին ու չափսին, Հովհաննես Սահակյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում փակցված գովազդային պաստառները պետք է ամրացվեին միայն օրենքով սահմանված համապատասխան տեղերում: 


«Այս ընտրությունների ժամանակ օրենքը հստակ կանոնակարգում էր, որ քաղաքական գովազդային պաստառներ չի թույլատրվում փակցնել բնակելի շենքերի, մուտքերի վրա: Իսկ այն տեղերը, որոնք հանրային են, ապա համապատասխան տախտակների վրա կարելի էր փակցնել: Գովազդի ծավալը ևս հստակեցված էր՝ 5քմ »,-ասաց նա:


Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչով է բացատրվում Գրիգոր Արծրունու 88 բարձրահարկ բնակելի շենքի վրա մինչ օրս տեղակայված գովազդային պաստառը, որը տարբերվում է իր առանձնապես մեծ չափերով, Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ ու չի էլ տեսել այդ պաստառը: Սակայն միաժամանակ հավաստիացրեց, որ հարցազրույցից հետո միջոցներ ձեռք կառնվեն խնդիրը լուծելու ուղղությամբ:

No comments:

Post a Comment