Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կլինի հնարավորինս թափանցիկ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց Քննչական գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը:
Նա հիշեցրեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ անձի առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելու հատկանիշներով։ Սույն հոդվածով նախատեսված է 5-10 տարի ազատազրկում:
Ներկայացնելով նախաքննական տվյալները, Արսեն Այվազյանը ներկայացրեց որոշ մանրամասներ, ըստ որի՝ հունիսի 17-ին Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի Քիթ-կոկորդ-ականջ բաժնի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը, նրանց ընկերներ՝ կլինիկական կոորդինատոր Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը նաև Արկադի Աղաջանյանը գնացել են Արզնու ձոր՝ նշելու Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը:
«Որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո, Վահե Ավետյանի առաջարկով, Արզնու ձորից մեկնել են Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ, այնտեղ խնջույքը շարունակելու և երգ-երաժշտություն լսելու նպատակով: Երբ գնացել են «Հարսնաքար», ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանը, ով հայտնի է նաև Ալիկ անունով, դիտողություն է արել Վահե Ավետյանին, թե սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Վահեն տուն է գնացել, փոխել հագուստը և վերադարձել ու միացել ընկերներին»,- ներկայացրեց Քննչական գլխավոր վարչության պետը:
Այնուհետև, նա ներկայացրեց, որ հիմնական վիճաբանությունը ծագել է այն պահից հետո, երբ նույն մատուցողը կրկին մոտեցել է նրանց. Վահեն դիմելով մատուցողին՝ հարցրել է. «Կարող է՞ գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր»: Այս խոսքի շուրջ էլ վիճաբանություն է ծագել մատուցող Դավիթ Ադամյանի ու Վահե Ավետյանի միջև:
«Վիճաբանությունը շարունակվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում, որտեղ մատուցողը բռունցքով հարվածել է Վահե Ավետյանի դեմքին, նրան պատճառել մարմնական վնասվածք: Դրան հաջորդել են ռեստորանի մի խումբ աշխատակիցների կողմից Վահե Ավետյանին և նրա ընկերներին ծեծի ենթարկելը: Արդյունքում, Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ, ցավոք, հունիսի 29-ին մահացել է Վահե Ավետյանը»,- ասաց Քննչական գլխավոր վարչության պետը:
Քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել և միջադեպի մասնակցության մեջ կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ռեստորանի 7 աշխատակիցներ՝ ռեստորանային համալիրի անվտանգության աշխատողներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, վարորդ, առաքիչ Արթուր Բաբլոյանը, մատուցող Դավիթ Ադամյանն ու ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանը: Վերջինիս դեմ առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, քանի որ գործում տուժողները նշել են, որ նա չի մասնակցել միջադեպին, ուստիև Դավիթ Հայրյանն ազատ է արձակվել:
Արսեն Այվազյանն ավելացրեց, որ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզելու մահվան և միջադեպի միջև անմիջական հետևանքային կապը:
No comments:
Post a Comment