Popular Posts

Wednesday, July 4, 2012

Հայաստանը դեռ անելիքներ ունի


Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ խմբակցությունների հետ հանդիպմանը Հայաստանի և Հայաստանի ջանքերի մասին ջերմ խոսքեր ասաց։


Նրա խոսքվ՝ մայիսի 6–ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը կատարեց լրջագույն քայլառաջ և որ կա քաղաքական կամք։ Նա նաև ավելացրեց, որ կան աննշան թերություններ, որոնք հույս կա, որ կշտկվեն նախագահական ընտրություններին:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Ձեր հինավուրց, աշխարհի հնագույն եկեղեցիներն ունեցող երկրում»,- իր խոսքը Հերման Վան Ռոմպոյը սկսեց այս բառերով: Նա ողջունեց «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-Հայաստան համագործակցության գործնական քայլերի համատեքստում մեր երկրի կողմից կատարվող բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը ԵՄ–ի համար նկատելի են:

Բարձրաստիճան հյուրը նշեց, որ դեռ անելիքներ կան երկրում մադու իրավունքների, ժողովրդավարության ինստիտուտների զարգացման, կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, և այլնի հետ կապված, սակայն ձեռքբերումները նկատելի են:

Հայաստանը անվանելով ԵՄ գործընկեր՝ Հերման Վան Ռոմպոյը նշեց, որ երկրի ներսում երկխոսության, փոխգործակցության, կոնսենսուսի մթնոլորտ ձևավորելը պահանջում է քաղաքական մեծ կամք, ինչը հեշտ խնդիր չէ, սակայն իրատեսական։

Հերման Վան Ռոմպոյն իր ելույթի զգալի մի հատված նվիրեց ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարին և ընդգծեց, որ Հայաստանը և Ադրբեջանը քայլեր պետք է անեն հակամարտության լուծման ճանապարհին և մեծ մտահոգություն համարեց հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մարդկային կորուստների կապակցությամբ:

Եվրոպական խորհրդի նախագահը հավաստիացրեց, որ հետայսու ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն աջակցություն կստանան ԼՂ հակամարտության և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հարցում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր ողջույնի խոսքում նշեց, որ Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և գոհունակություն հայտնեց առ այն, որ Հայաստան –ԵՄ համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է:

«Վերջին տարիներին ՀՀ-ն նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրվել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, ԵՄ-ի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ, և այսօր մենք կարող ենք արձանագրել տեսանելի հաջողություններ»:

Այս երկու ելույթներով Ազգային ժողովում անսպասելիորեն ավարտվեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և ԱԺ խմբակցությունների հանդիպումը՝ չնայած նախապես խմբակցություններին հայտնվել էր, որ նրանց Հերման Վան Ռոմպոյին հարցեր ուղղելու հնարավորություն է տրվելու, ինչը սակայն տեղի չունեցավ:

Երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղում դահլիճից փորձեց պարզել, ԱԺ նախագահը նրան նկատողություն արեց` ասելով, որ մի քիչ կոռեկտ լինի:

Նաիրա Զոհրաբյանը ավելի ուշ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ցանկանում էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հարց ուղղել` կապված շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ: Իսկ ավելի կոնկրետ՝ պարզել ԵՄ դիրքորոշումը, որ օրինակ ` Ադրբեջանը հրաժարվում է հայ-ադրբեջանական շփման գծից հետ քաշել իր դիպուկահարներին:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ևս մեզ հետ զրույցում հայտնեց, որ սահմանված կարգով Հերման վան Ռոմպոյին ուղղված հարցերը փոխանցել է, սակայն վերջին պահին ընթացակարգերը փոխվել են:

Ավելի ուշ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԵՄ գրասենյակից տեղեկացել է, որ Հերման վան Ռոմպոյն ինքն է հրաժարվել հարցուպատասխան ձևաչափից, ինչը ԲՀԿ-ական պատգամավորը սխալ է համարում:

Ի դեպ, այս կապակցությամբ Facebook-ի իր էջում իր դժգոհությունն է հայտնել նաև ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, մասնավորապես, նշելով, որ ԱԺ-ում պատգամավորներին հնարավորություն չի ընձեռվել ելույթ ունենալ՝ տարօրինակ և անընդունելի համարելով այն:

«Այսօր ինձ համար տարօրինակն ու անընդունելին այն էր, որ պատգամավորներին կամ առնվազն յուրաքանչյուր խմբակցության հարց տալու հնարավորություն չտրվեց: Եվ այդ բոլորը արվեց շատ կտրուկ և կոպիտ ձևով, ինչը, իմ կարծիքով, վատ տպավորություն թողեց և՛ պարոն Ռոմպոյի, և՛ եվրոպական պատվիրակության անդամների մոտ: Եվրոպական Միության նախագահի այցելությունը կարևոր իրադարձություն է, պատգամավորների համար՝ հազվագյուտ հնարավորություն նրա առջև Հայաստանին հուզող հարցեր բարձրացնելու համար, հատկապես, որ պարոն Ռոմպոյն իր ելույթն սկսեց՝ ասելով. «Եկել եմ այստեղ ձեզ լսելու»: Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ նույնիսկ պատգամավորների կողմից տրվող իշխանությունների համար ոչ հաճելի հարցերը շատ ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստան-Եվրամիություն ինտեգրացիոն գործընթացների վրա, քան հարկադիր լռությունը: Ես պարոն Ռոմպոյին ուզում էի հարց տալ Լեռնային Ղարաբաղի մասով, որը նրա ելույթի հիմնական թեմաներից մեկն էր: Ուզում էի հարցնել, թե ինչու Եվրոպական Միության ներկայացուցիչն մինչ այժմ Ադրբեջանի ճնշման տակ Լեռնային Ղարաբաղ չի այցելել»- գրել է Օսկանյանը:

No comments:

Post a Comment