Popular Posts

Sunday, July 15, 2012

հերթական անգամ դատախազությունը ծառայեց որպես բութ գործիք

ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատաքննության ընթացքում երեկ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի կարդացած մեղադրական ճառը վկայում է, որ «հերթական անգամ դատախազությունը ծառայեց որպես բութ գործիք՝ քաղաքական իշխանության համար, իսկ այս ողջ գործընթացը՝ «քաղաքական հետապնդում» է,- նման գնահատական հնչեցրեց ՀԱԿ անդամ, արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Նա հավելեց, որ դեռ հույս ունի, որ դատարանն ավելի բարձր կգտնվի և չի ստանձնի այդ գործիքի դերը այն իշխանությունների համար, որը «ձախողել է բոլոր իր խոստումները խոստացված բարեփոխումների ճանապարհին»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելը և նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը):

Տիգրան Առաքելյանի համար դատախազը պահանջեց 6 տարի, Արտակ Կարապետյանի համար՝ 3 տարի 5 ամիս 19 օր, Սարգիս Գևորգյանի համար՝ 1 տարի 11 ամիս 20 օր , իսկ Դավիթ Քիրամիջյանի համար՝ 2 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի օգոստոսի 9-ին մայրաքաղաքի Խնկո-Ապոր անվան գրադարանի մոտից երիտասարդները բերման ենթարկվեցին, ապա կալանավորվեցին ոստիկանների հետ բախման արդյունքում: Ինչպես պնդում էին դատարան կանչված ոստիկան-վկաները՝ Տիգրան Առաքելյանն ու մյուսները հրմշտել են ոստիկաններին, քաշքշել, վիրավորել, նրանց հետ լեզվակռվի մեջ մտել, իսկ արդեն Կենտրոնի ոստիկանություն տեղափոխելիս Տիգրան Առաքելյանը հարվածել է և կոտրել կարմիրբերետավորի քիթը: Այս «հարվածի ձայնը» լսել է մեքենայի մեջ գտնվող ոստիկաններից մեկը:

Վլադիմիր Կարապետյանը, ով հաճախ է ներկա լինում Առաքելյանի և մյուս ակտիվիստների դատավարությանը, նշեց, որ դատարանում մի քանի անգամ ևս համոզվել է, որ որևէ մեղադրանք չի հաստատվել և այն ցուցմունքները, որ տալիս էին ոստիկանության ներկայացուցիչները, ծայրից ծայր սուտ են: «Հետևաբար, նաև տեղյակ լինելով գործի մանրամասներին, կարող եմ պնդել, որ սա քաղաքական մակարդակում կայացված վճիռ է: Իրենք քաղաքական պայքարը պատկերացնում են բացառապես ազատազրկման և հետապնդումների միջոցով, և հերթական փորձն է արվում՝ ամրապնդելու քաղբանտարկյալներ ունենալու վերջին տարիների ավանդույթը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ եթե Տիգրանը շարունակի մնալ անազատության մեջ, ապա Հայաստանը կունենա «երկրորդ էշելոնի» քաղբանտարկյալներ, իսկ Հայաստանը՝ կրկին կդառնա «դատապետություն», որտեղ կան քաղաքական հայացքների համար ազատազրկված քաղբանտարկյալներ:
2012 հուլիսի 19 –ին նշանակված դատական նիստին կհնչեն պաշտպանական ճառերը:

No comments:

Post a Comment