ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կայքից։
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Գյումրի կահույք» ԲԲ ընկերության տնօրենը կեղծել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Շիրակի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, օգտագործել այն` ներկայացնելով Ախուրյանի նոտարական գրասենյակ:
Արդյունքում` նշված ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող 0,66 հա հողամասը և 1964.22 քմ շինությունները 2012թ. փետրվարի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է երկու քաղաքացիների:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
No comments:
Post a Comment