Popular Posts

Friday, October 12, 2012

«Նամակս կուզեք տպեք, կուզեք` ոչ, բայց որ «Հրապարակն» էլ չտպի, ուրեմն սամվելակերպերն իրապես էս երկրում ամեն ինչ առել են», այսպիսի հուսահատ պոռթկումով է սկսվում գյումրեցի ընթերցողի նամակը, որը «Հրապարակ»-ը ստացավ հոկտեմբերի 10-ի երեկոյան, էլեկտրոնային փոստով: Նկարագրված դեպքերը, ըստ նամակի հեղինակի, տեղի են ունեցել Սամվել Բալասանյանի պաշտոնավարման նախօրեին և չարաբաստիկ ստվեր են նետում նոր քաղաքապետի հետագա գործունեության վրա:

ՊԱՏԺՎԵՑ ՒՐ ՓՈՂՆ ՈՒԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Գյումրու քաղաքապետ նշանակված պիվնոյ բարոն Սամվել Բալասանյանի շրջապատն այսօր աչքի ընկավ իր քաջագործությամբ և իրենց «ոչ գործարար», «ոչ կրիմինալ» բոսին նոր պաշտոնը ստանձնելուց առաջ մի լավ նվեր մատուցեց: Գյումրու Շիրակացի փողոցի միջնամասում, ալան-ափաշկարա, Բալասանյանի ախրաննիկ կոչված քյալլագյոզները դաժան ծեծի են ենթարկել ոմն Արթուրի, որը դժբախտություն էր ունեցել լինել Բալասանյանի և նրա սիրասուն բալիկի թիկնապահը և հետն էլ համարձակություն էր ունեցել պահանջելու իր աշխատավարձը: Մի խոսքով, մարդը պահանջել է տիրոջ ջանդակը սեփական կյանքի գնով պահպանելու դիմաց հասանելիք մի քանի գրոշը... Եվ համարձակ այս Արթուրիկը սաղ-սաղ, հարևանների ու հարազատների աչքի առջև լանգետի վերածվեց: ...Այն, որ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Արթուրի գործը ծածկադմփոց կանեն` համոզված եմ, բայց որ Գյումրին փոքր քաղաք է, ու այստեղ նույնիսկ մախաթը պարկի մեջ չի կարելի թաքցնել, նույնպես փաստ է»,հայտնում է նամակագիրը: 

Նույն օրը թերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանի շրջապատից՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից: Նա անմիջապես կապվեց քաղաքապետի հետ և մեզ հաղորդեց, որ, լսելով Արթուր անունով ծեծված տղայի մասին, Բալասանյանը խիստ զարմացել է, ցանկացել է ճշտել Արթուրի ազգանունը, ապա ասել է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ո´չ ինքը, ո´չ էլ իր որդին «ախրաննիկներ» չունեն:

ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
Սամվել Բալասանյանը մի անգամ էլ է հրապարակավ հայտնել, որ ո´չ ինքը, ո´չ իր ընտանիքի անգամները թիկնապահներ չունեն: Այն ժամանակ նա Աժ փոխնախագահն էր, իսկ դեպքը, որի առիթով արվեց այս հայտարարությունը, տեղի էր ունեցել Բալասանյանների ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի մուտքի մոտ` 2011 թվականի փետրվարին: Գործարանի քցված բանվորներից մեկի եղբայրը դանակահարել էր Սամվել Բալասանյանի որդու` Սիսակ Բալասանյանի թիկնապահ, 1982 թվականին ծնված Արթուր Առաքելյանին: Արթուրին տեղափոխել էին Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց, որտեղ նա մահացել էր, իսկ մարդասպանը` Արմեն Սահակյանը, որը տառապում էր շաքարախտով և ամենակարիքավոր խավից էր, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Մինչ օրս Գյումրիում հիշում են, թե Սահակյանի հարազատներն ինչ ողբ էին դրել դատարանի դահլիճում, երբ դատավորը հրապարակել էր դատավճիռը և արագ հեռացել:

ԱՐԹՈՒՐՒՆ ԱՐԱԳ ՏՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Մեկ տարի առաջ նկարագրված այս միջադեպի և երեկվա դեպքի միջև ընդհանրություն կա: Նոր զոհի անունը ևս Արթուր է: Ըստ նամակագրի, նա նույնպես թիկնապահ է եղել և ծառայել է Բալասանյանների ընտանիքին: Ինչպես և գարեջրի գործարանի բանվորը, նա «քցված» է եղել և ընդամենը ցանկացել է ստանալ իր հասանելիք աշխատավարձը: Ըստ նամակագրի, նա ևս տեղափոխվել է Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Գիտակցելով, թե որքան տհաճ է նոր քաղաքապետի համար նման դեպքի հրապարակումը, այն էլ իր պաշտոնավարման նախօրեին, նաև հաշվի առնելով մեր նամակագրի շահերն ու մտավախությունը, թե իր հաղորդած տեղեկությունները չեն հրապարակվի, թերթը չվստահեց պաշտոնական հերքմանը և գործի դրեց իր աղբյուրները: Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից երկու միմյանց հակասող տեղեկություն ստացվեց: Ստորին պերսոնալից հայտնեցին, որ մի ծեծված հիվանդ եղել է հիվանդանոցում, բայց գիշերով շտապ դուրս են գրել ու տարել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ հենց հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան «Հրապարակ»-ը Սամվել Բալասանյանի շրջապատից պարզաբանում խնդրեց, և բացառված չէ, որ դեպքի հրապարակայնացումից խուսափելով, ծեծվածին շուտափույթ տարել են տուն: Թերթը զանգահարեց նաև հիվանդանոցի նեյրովիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանին, որն ասաց. «Որքան գիտեմ, այս երկու օրը և մոտ օրերս նման ՝ հիվանդ չենք ունեցել: Համենայնդեպս, ես չեմ ունեցել»: Սակայն առավոտից Գյումրիում շշուկներ էին շրջում, թե Բալասանյանի թիկնապահները մարդ են ծեծել, ոմն նախկին թիկնապահի, որը ծանր վիճակում է: Երեկ մարդիկ եկել էին քաղաքապետարանի մոտ`նոր քաղաքագլխի մուտքը դիտելու: Շատերն էին նկատել, որ Սամվել Բալասանյանը շենք է մտել մի քանի թիկնապահների ուղեկցությամբ, իսկ քաղաքապետարանի շենքի մոտ և հրապարակում մարդիկ քաղաքացիական հագուստով «օրգանների» բազմաթիվ աշխատակիցների էին նկատել: Ուժեղացված հսկողությունը նշանակում է, որ Բալասանյանն իրեն վստահ և սիրված չի զգում իր քաղաքում: 

Հիշեցնենք նաև, որ Վարդան Ղուկասյանի լիազորությունները, օրենքի համաձայն, պետք է ավարտվեին նոյեմբերի 12-ին, սակայն, ըստ որոշ լուրերի, նկատի ունենալով նոր քաղաքապետի նկատմամբ ձևավորված գյումրեցիների մեծամասնության ոչ բարյացկամ վերաբերմունքը, Վարդան Ղուկասյանին վերևից խնդրել են ժամկետից շուտ հեռանալ պաշտոնից:

No comments:

Post a Comment