Popular Posts

Tuesday, October 23, 2012

Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատն ստացած Թևան Պողոսյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին իր ելույթով շնորհակալական խոսք ուղղեց «Ժառանգություն» կուսակցությանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատն ստացած Թևան Պողոսյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին իր ելույթով շնորհակալական խոսք ուղղեց «Ժառանգություն» կուսակցությանը՝ իրեն ԱԺ աշխատանքներում ընդգրկելու համար: 


«Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգությանը» հնարավորություն ընձեռելու կամրջելու քաղաքացիական հասարակության ինստիտուտները և հասարակությանը հուզող խնդիրները և օրենսդիր աշխատանքը»,- ասաց նա: 


«Ժառանգության» պատգամավորը նկատեց, որ Հայաստանում հասարակության զարգացման մասին խոսելիս հակասական զգացումներ են առաջանում: Ըստ նրա՝ մի կողմից հազարավոր հայրենակիցներ լքում են հայրենիքը, հաճախ անվերադարձ՝ չպատկերացնելով անգամ ուր են գնում։ Մյուս կողմից էլ ակնհայտորեն նկատվում է քաղաքացիական հասարակության աճ: 


«Իրենց հողում ամուր արմատներ ձգած, վճռական հայաստանցիների թիվն օրեցօր աճում է: Դրա վկայությունն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորող նախաձեռնությունների թվի աննախադեպ աճն է»,– ասաց նա: 


«Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել և թափ են առել բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր երկրի հասարակական կյանքի համար կարևորագույն խնդիրների լուծմանը»,- ավելացրեց «Ժառանգության» պատգամավորը։


Ըստ Թևան Պողոսյանի՝ ակնհայտ է, որ հայաստանցին այլևս չի հանդուրժում հատվող անտառը, «չի համակերպվում քաղաքի պատմությունը և մշակույթն աղավաղող թյուրիմացություններին և գործողություներին, ինչն էլ բերում է երկու եզրերի բախման, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում ըստ նրա, վաղուց նրանք միմյանց փոխլրացնում և զորացնում են»: 


Նա կոչ արեց միանալ այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն կընձեռեն հարատև զարգացում ունենալ այստեղ և քիչ ավելի կախում ունենալ օտար ֆինանսավորումից:

No comments:

Post a Comment