Popular Posts

Wednesday, October 3, 2012

Թեհրանի գլխավոր շուկան փակվել է


Թեհրանի գլխավոր շուկան փակվել է։ Պաշտոնապես հայտարարվել է, թե դա արվել է անվտանգության նկատառումներով, սակայն, ըստ Hurriyet-ի, պատճառն իրանական արժույթի արժեզրկումն է: Իսկ շուկան փակելով՝  իշխանությունները փորձել են կասեցնել դրա հետագա անկումը:

Փակվել են նաև արժույթի փոխանակման կետերը: Իսկ այն փողոցներում, որտեղ մասնավոր անձինք դրամ են փոխանակում, պարեկություն է անում ոստիկանությունը: Վերջինիս ներկայացուցիչների և մասնավոր դրամավաճառների ու ցուցարարների միջև բախումներ են գրանցվել, հայտնում է Reuters-ը: Ոստիկանները նաև արցունքաբեր գազ են կիրառել նախագահ Ահմադինեժադի դեմ կարգախոսներ վանկարկողների նկատմամբ: Նրանք ասել են, թե նախագահը տնտեսական քաղաքականությունն այդ երկրում հասցրել է տնտեսական ճգնաժամի:

Երկու օր առաջ 1 ԱՄՆ դոլարի դիմաց իրանական ռիալի արժեքը հասել էր ռեկորդային 34 500-ի: Երկու տարի առաջ փոխարժեքը 10 000 ռիալ էր: Այլ տվյալներով՝ երկուշաբթի 29 700 ռիալ արժեցող ամերիկյան դոլարը երեկոյան հասել է արդեն 35 500-ի: Իսկ Ահմադինեժադի մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ նա ասել էր, թե Կենտրոնական բանկը կլուծի խնդիրը, դոլարի արժեքը հասել էր 36 200 ռիալի:

Trend-ի տվյալներով՝ այսօր փակվել են մի քանի կայքեր, որտեղ ծանուցվում են ոսկու և արտարժույթի արժեքները, այդ թվում նաև Mazanex արտարժույթի իրանական անկախ կայքը:

No comments:

Post a Comment