«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել ի պատասխան «Հայաստանի Հանրապետական կուսակցության» մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության, որում վերջինս անդրադարձել էր ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև կոալիցիոն հուշագիրը Սևրի պայմանագրի հետ համեմատությանը, որը այսօր ավելի վաղ արել էր Ն. Զոհրաբյանը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ի պատասխան Է. Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների, ցանկություն է առաջանում անել ընդամենը մեկ-երկու դիտարկում:
Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիտություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյո՞ք այդ մասին տեղյակ պահել եք թուրքական կողմին:
Ֆուտբոլի Ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով (Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ) Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրի հիմնադրույթներից:
Հ.Գ. 1. Շարմազանովի դիտարկումները ստիպեցին եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Եվ այնտեղ, իրոք, Սևրի մասին ոչինչ չկար: Ոչ մի անդրադարձ: Անգամ ակնարկ։
Հ.Գ. 2. Սևրի պայմանագիրը մեր բոլորի երազանքներում է: Բայց որպեսզի այդ երազանքը մի օր իրակություն դառնա և իրապես լինի ուժի մեջ, մենք պարտավոր ենք այսօր հզորացնել մեր փոքր Հայաստանի ու փոքր Ղարաբաղի անվտանգությունը, տնտեսական հզորությունն ու ժողովրդավարությունը: Անել հնարավորը, որ մարդիկ չլքեն Հայաստանն ու Ղարաբաղը, ապրեն այստեղ վստահ ու արժանապատիվ: Ցավոք, այսօր միանգամայն հակառակն է:
Հ.Գ. 3. Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք»:
Հիշեցնենք, որ այսօր անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ավելի վաղ արած հայտարարությանը, որում նա նշել էր, թե ասել, որ գործում է ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը, նույնն է, թե ասել, որ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը, Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ դա «աբսուրդ» է և հույս էր հայտնել, որ այդ հայտարարությունը «դիվանագիտական անգրագիտության մասնավոր դեպք է» և որևէ կապ չունի ԲՀԿ պաշտոնական տեսակետի հետ:
No comments:
Post a Comment