Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԳ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի փակ գաղտնի քվեարկությունից հետո խնդրեց լրագրողներին ձևակերպումների մեջ կոռեկտ լինել։
«Կխնդրեի կոռեկտ լինել և հասկանալ, որ ոչ ոք ոչ ոքի չի հանձնում»,-ասաց նա և նշեց, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հստակ ասել է, որ որևէ կալանքի և ձերբակալման խնդիր չկա:
«Վարդան Օսկանյանը հանցագործ է, թե ոչ դա կորոշի քննությունը և հետո, եթե մարդուն հրավիրում են հարցաքննության, եթե մարդն արդար է, ինչ ունի վախենալու և չգնալու»,-հարցրեց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր 5–րդ գումարման խորհրդարանի պատգամավորների քվեարկության արդյունքում՝ 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հովիկ Աբրահամյանը հստակեցրեց, որ Օսկանյանի դեմ ոչ ոք չի ցանկանում անհիմն գործ բացել։ «Ամեն ինչ փաստաթղթերով երևում է՝ վերցրել է, չի վերցրել, փոխանցել է, չի փոխանցել, կերևա ժամանակին: Եվ հետո ինչի՞ եք մտածում, որ ավարտն, անպայման, վատ է լինելու, կալանավորվելու է կամ ձերբակալվելու»,- հարցրեց նա:
Եթե հնարավոր եղավ ապացուցել, որ Վարդան Օսկանյանը անմեղ է, Հովիկ Աբրահամյանը չի կարող ՀՀԿ-ի անունից ասել, բայց իր անունից պատրաստ է ներողություն խնդրել վերջինից:
Ըստ նրա, այս մեղադրանքը Հայաստանի վարկանիշի վրա, գուցե, սկզբում ազդի, սակայն առաջին պահից։
«Կարող է առաջին պահին նման հարց լինել, բայց հետագայում, եթե արդարացվի ... բոլոր համապատասխան մարմինները պատասխան են տալու, որ այդ գործընթացը սկսել են»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այստեղ խնդիր կա, որ պարոն Օսկանյանը չի ներկայացել մասնակցելու գործի քննությանը, դրա համար հարցերի պատասխանները չունեն համապատասխան մարմիները:
ԱԺ նախագահը չբացառեց, որ ՀՀԿ-ի մեջ էլ կան անձինք, որոնց նկատմամբ նույնպես պետք է միջնորդություն ներկայացնել:
«Ինչի՞ չեմ կարծում»,- ասաց նա, սակայն նշեց, որ չի կարծում, թե հաջորդ միջնորդությունը կներկայացվի Վարդան Այվազյանի նկատմամբ:
«Վարդան Այվազյանը հստակ իր դիրքորոշումը բացատրել է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը ինչին ի պատասխան լրագրողները նկատեցին. «Օսկանյանն էլ բացատրել էր»:
Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ Վարդան Օսկանյանի դեմ այս գործընթացը կապ չունի նախագահի հանձնարարականով կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի հետ, և «Օսկանյանն այն խոշոր ձուկը չէ» ինչի մասին նախագահը պահանջում էր գլխից բռնել:
Նա նաև նշեց, որ հանրապետության նախագահի հետ ինքն այս թեմայի շուրջ խոսել է։ «Ճշմարտությունն է նախագահն ուզում իմանալ»,– ավելացրեց նա:
No comments:
Post a Comment