Popular Posts

Saturday, November 2, 2013

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»


Մամլո հաղորդագրություն


Անհապաղ տարածելու համար

նոյեմբերի, 2013 թ.



«Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերին: Օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիանան նախաձեռնությունը ձևավորվել է 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

Օրենքը ոչ միայն չի համապատասխանում ՀՀ-ում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական իրականությանը, այլև ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և կրկին քաղաքացու շահերը ստորադասել ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում առնվազն 5-ից 9-ը տոկոսով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում

Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորոելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը:

Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին: Փաստաբան Հայկ Գրիգորյանը դիմում-նամակ է հղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` կոչ անելով նրան վիճարկելու Օրենքի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում[1]: ՀՀ մի շարք քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով, կամ սահմանադրական դատարան դիմելու համար:

Սույն նախաձեռնությանը միացած շուրջ 7000 քաղաքացիները վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների ու երթերի միջոցներով:

Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին:

Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան խմբի միջոցով միավորել է խնդրով մտահոգ շուրջ 7000 ակտիվ քաղաքացիների: Նախաձեռնության Ֆեյսբուքյան էջն է` https://www.facebook.com/groups/659878787373449/

Նախաձեռնությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին միանալ պայքարին:



«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»
Նախաձեռնություն




[1] Տեսեք նամակը սույն հաղորդագրությանը կից:


ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան
Պարոն Կարեն Անդրեասյանին
Ք. Երևան, Պուշկինի 56 ա
ՀՀ քաղաքացի Հայկ Գրիգորյանից


ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն Անդրեասյան,
Ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունն իր անդամների և հասարակական լայն զանվածների անունից (հասարակության մի զգալի մասն անտեղյակ է հիմնախնդրի մանրամասներից) իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնում “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների վերաբերյալ և բարձրաձայնում է Օրենքի մի շարք հոդվածները՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու և անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու հիմքով անվավեր ճանաչելու անհրաժեշտության մասին:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 27.1 հոդվածներով՝ սույնով մենք դիմում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ Օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 13-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 45-րդ, 47-րդ, 49-րդ հոդվածները և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված հոդվածները և/կամ դրանց համապատասխան մասերը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 14.1, 31-րդ, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջով:
Ստորև ներկայացնում ենք մեր հիմնավորումները՝
1. Օրենքում առկա “պարտադիր” բաղադրիչի գաղափարն ըստ էության պետության կողմից փորձ է կարգավորել և սահմանափակել անհատի կողմից իր ֆինանսական միջոցների տնօրինման ազատությունը՝ միաժամանակ զրկելով նրան իր սեփականությունից (իր վաստակած դրամական միջոցների նկատմամբ իր
սեփականության իրավունքից): ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում և պաշտպանում է սեփականության իրավունքը (Հոդված 8), բացառում է խտրականությունը (Հոդված 14.1) և արգելում է անձին սեփականությունից զրկելը՝ առանց դատարանի որոշման (Հոդված 31): Տես կից Հիմնավորումները:
2. Օրենքը նաև հակասում է իր իսկ նախաբանին, քանի որ վերջինս նախատեսում է միայն համապատասխան հնարավորությունների ստեղծում և ընձեռումը, այլ ոչ թե հնարավորություններից զրկում՝ պարտավորեցնելով քաղաքացուն կատարելու օրենքով սահմանված ընտրությունը: Սակայն իրականում Օրնեքը դուրս է գալիս իր իսկ նախաբանի շրջանակներից (հնարավորությունների ստեղծում և ընձեռումը) և առանց որևէ հնարավորություն ընձեռելու՝ նախատեսում է պարտադիր վճարումների համակարգ և բացառում որևէ ընտրության հնարավորություն:
3. Բացի այդ, օրենքը լի է անորոշ և վտանգավոր ձևակերպումներով, որոնք վստահություն չեն ներշնչում հասարակության անդամներին, մի հասարակության, որը ոչ վաղ անցյալում ականատես է եղել բանկային համակարգի բազում անկայունությունների, սնանկությունների և քաղաքացիների ավանդների կորստի: Այստեղ մենք մասնավորապես նկատի ունենք Օրենքի 12-րդ, 13-րդ, 29-րդ և այլ բազում հոդվածներ, որոնք լուրջ շտկման և վերախմբագրման կարիք ունենք՝ անձի իրավական պաշտպանվածությունն երաշխավորելու, ֆոնդի կառավարումը հասկանալի, կանխատեսելի և թափանցիկ դարձնելու և պետության ու կառավարող ֆոնդի կողմից աղաքացիների դրամական միջոցների երաշխավորվածությունն ապահովելու տեսանկյունից: Մենք նաև առաջարկում ենք կազմակերպել Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հասարակական լսումներ, քանի որ սույն Օրենքն ունի հասարակական մեծ կարևորություն և այն ընդունելիս կառավարությունը չի կազմակերպել որևէ հասարակական քննարկում կամ լսում:
4. Օրենքը զուրկ է նաև իրավական հստակությունից և չի ապահովում անձի պաշտպանվածությունը՝ նրան զրկելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից: Այս մասով, միջնորդում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ սահմանադրական դատարանում բարձրացնել նաև Օրենքի անկանխատեսելի ու անարդարացի բնույթը և արդյունավետ պաշտպանության միջոց չապահովելու հանգամանքը: ՀՀ սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրենց բազում որոշումներում կարևորել են օրենքի՝ իրավական կանխատեսելի և հստակ լինելու անհրաժեշտությունը, ներառյալ օրենքով անձին անհրաժեշտ իրավական պաշտպանության ընթացակարգերի ապահովումը:
5. Տվյալ հարցն ունի հասարակական մեծ կարևորություն, իսկ նշված հիմնախնդիրներն անտեսելու և համապատասխան լուծումներ չառաջարկելու
դեպքում՝ ՀՀ կառավարությունը լրջորեն վտանգում է ողջ հասարակության, հատկապես միջին խավի և սոցիալապես խոցելի հատվածի ֆինանսական նվազագույն ապահովվածությունը: Սա իր հերթին կարող է բերել բացասական և նույնիսկ կործանարար հետևանքների, ինչպիսիք են, օրինակ, արտագաղթի առավել մեծ չափերը, փխրուն գործարար միջավայրի իսպառ ոչնչացումը, կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների արտահոսքը, և բնակչության թվի զգալի նվազումը Հայաստանում: Հասարակության մոտ նաև թարմ է հիշողությունը ոչ վաղ անցյալում ՀՀ կառավարության կողմից միասնական եկամտային հարկի ներդրման գործընթացը, երբ շեշտադրումը դրվեց հարկատուների համար վճարման մեխանիզմը դյուրացնելու վրա, սակայն իրականում հարկային պարտավորությունն ըստ էության ավելացվեց: Արդյունքում՝ տարբեր պետական ֆոնդերին վճարվող տոկոսադրույքները միավորվեցին մեկ 24-29 տոկոսանոց հարկի մեջ՝ ներառելով կենսաթոշակային բաղադրիչը: Այս ամենից հետո՝ Օրենքը կրկին նոր կենսաթոշակային պարտադիր վճար է սահմանում՝ ըստ էության կրկին ավելացնելով անձի հարկային բեռը:
Մենք ակնկալում ենք Ձեր դրական արձագանքը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցել Ձեզ հետ՝ ՀՀ սահմանադրական դատարան համապատասխան դիմումը մշակելու, ներկայացնելու և այն դատարանում պաշտպանելու գործընթացում: Խնդրում ենք Ձեր պատասխանը և դիրքորոշումը ուղարկել Ք. Երևան, Կոմիտաս 16-92 հասցեով, նաև հետևյալ էլ. հասցեով՝ grigorianhaik@gmail.com:
Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Հոկտեմբերի 27, 2013թ.
Հարգանքով՝
Փաստաբան Հայկ Գրիգորյան

Արտոնագիր թիվ 907
“Ընդդեմ Պարտադիրին” նախաձեռնող խմբի համակարգող


“Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 14.1, 31-րդ, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին հակասելու հիմնավորումներ
1. Սահմանադրության 3-րդ հոդվածին հակասելու հիմնավորում. Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Քանի որ մարդու հիմնական իրավունքներից է սեփականության իրավունքը, և պետությունը ոչ միայն պարտավոր է ապահովել այն, այլև սահմանափակված է անձի սեփականության իրավունքով, ուստի Օրենքի կիրառումը կհակասի սույն հոդվածին: Կարող է որպես հակափաստարկ բերվել ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածը, ըստ որի՝ Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ Ա. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է: Վիճարկվող Օրենքով նախատեսված պարտադիր վճարը հարկ չէ, քանի որ այն համապարտադիր չէ (ընդգրկում է միայն 1974թ-ից հետո ծնված անձնանց) և քանի որ այն ուղղված չէ որևէ պետական և հասարակական կարիքի բավարարմանը՝ հիմք ընդունելով հենց այդ նույն Օրենքի դրույթները: Մի շարք պաշտոնյաներ, հանդես գալով պետության անունից, ևս չեն հերքել, որ սույն վճարը հարկ չէ: Բ. Տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար սահմանված պարտադիր վճար է: Վիճարկվող Օրենքով նախատեսված պարտադիր վճարը տուրք չէ, քանի որ այն չի վճարվում որևէ պետական ծառայության կամ գործողության դիմաց: Գ. Պարտադիր այլ վճարներ: Հաշվի առնելով Սահմանադրության 45-րդ հոդվածի տրամաբանությունը այս պարտադիր այլ վճարները պետք է ունենան որոշակի օբյեկտիվ համապարտադիր բնույթ և պատկանեն հարկի և տուրքի տեսակային խմբին՝ ունենալով համապարտադիրություն, պետական և հասարակական նշանակություն և այլ: Վիճարկվող Օրենքով նախատեսված պարտադիր վճարը չի կարող լինել պարտադիր այլ վճար, քանի որ այն չունի համապարտադիր բնույթ և ենթադրաբար ուղղված է այդ գումարը վճարող անձանց ծերությունն ապահովելուն:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքը հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածների, ուստի այն անխուսափելիորեն հակասում է նաև
Սահմանադրության 6-րդ հոդվածին: Եվ հետևաբար, Սահմանադրության նորմերը պետք է գործեն ուղղակիորեն և ունենան գերակայություն Օրենքի հակասական դրույթների նկատմամբ:
3. Օրենքն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին: Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Օրենքը հարկադրում է անձին տնօրինել իր իսկ սեփական դրամական միջոցները որոշակի եղանակով՝ կատարելով պարտադիր վճարները: Ընդ որում, այս ամենի նպատակն է ԻԲՐԵՎ ԹԵ ապահովել հենց նույն այդ վճարող քաղաքացու բարեկեցիկ ծերությունը: Սա հավասարազոր է նրան, որ ասենք օրենք ընդունվեր, որը կհարկադրեր անձին իր խնայողությունները պահել որոշակի կոնկրետ բանկում կամ որոշակի կոնկրետ պայմաններում (ասենք՝ բացառությամբ 5 տոկոս եկամտաբերությամբ): Սա իհարկե հնարավոր կլիներ ԽՍՀՄ տարիներին, սակայն ներկայիս շուկայական պայմաններում որևէ մեկը, այդ թվում՝ պետությունը, իրավասու չէ օրենքի ուժով հարկադրել անձին տնօրինելու իր դրամական միջոցները որոշակի եղանակով: Նման օրենքը ոչ իրավական է: Վիճարկվող Օրենքը նաև անտեսում է անձի իրավունքը ստանալու եկամուտ իր իսկ դրամական միջոցների ներդրումից կամ կառավարումից: Եթե, օրինակ, բանկում ավանդ դնելով անձը կստանար առնվազն 12 տոկոս տարեկան եկամուտ, ապա Օրենքի տրամաբանությամբ անձը ստանալու է միայն գնաճին հավասար տոկոսադրույք (այն էլ համապատասխան տարիքի հասնելուց հետո): Իսկ ինչպես հայտնի է գնաճի պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական գնաճը և բնականաբար ցածր են բանկային տոկոսադրույքից: Հոդված 31. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենքն ըստ էության զրկում է անձին իր հայացողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը՝ իր դրամական միջոցները: Անձն ըստ էության զրկվում է սեփականության իրավունքից՝ առանց դատական ընթացակարգի:
4. Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին:
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Վիճարկվող Օրենքը ակնհայտորեն խտրականություն է սերմանում՝ կախված սոցիալական դիրքից և գույքային վիճակից (աշխատավարձի չափից) և տարիքից (տարածվում է միայն 1974թ-ից հետո ծնվածների վրա): Այս նորմը ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այլև ՀՀ միջազգային պայմանագրերին: Օերնքն ըստ էության պետք է սահմանի համապարտադիր վարքագծի կանոն, իսկ համընդհանուր բնույթից շեղում կատարելու դեպքում՝ ունենա լուրջ հիմնավորում, որը բացակայում է տվյալ Օրենքի պարագայում: Բացի այդ, Օրենքի տարածումը 1974թ.-ից հետո ծնված անձանց վրա ուղղակի միջամտություն է գործող աշխատանքային հարաբերություններին՝ հանգեցնելով աշխատավարձի նվազեցման: Այսպիսով, Օրենքը նաև միջամտում է մասնավոր իրավահարաբերություններին՝ գործատուի և աշխատողի աշխատանքային պայմանագրին: Ինչպես հայտնի, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն, և կարող են տարածվել ապագայում ծագող իրավահարաբերությունների վրա, սակայն տվյալ դեպքում Օրենքը միջամտում է արդ իսկ ձևավորված իրավահարաբերություններին՝ հարկադրելով աշխատանքային պայմանագրի կողմերին վերանայել կամ լուծել իրենց պայմանագրերը:
5. Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածին: Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:
Օրենքը կզրկի անձին իր և իր ընտանիքի համար կենսական նվազագույն պայմաններ ապահովելու հնարավորությունից, եթե Օրենքը կիրառվի այն եղանակով, որով այն ներկայումս ուժի մեջ է՝ հաշվի առնելով վերևում նշված հանգամանքները: Ընդ որում, Սահմանադրության 34-րդ հոդվածը նախատեսում է պետության պարտականություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ քաղաքացիների այս իրավունքների իրականացման համար: Պետությունը հազիվ թե կարող է հիմնավորել և ապացուցել Սահմանադրական դատարանում, որ ձեռնարկել է ԱՆՀՐԱԺԵՇՏ միջոցներ այս ուղղությամբ, քանի որ պետությունը պարզապես կենսաթոշակ վճարելու իր պարտականությունը փորձել է դնել անձի
վրա: Ակնհայտ է, որ նման փորձը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաիրավական, քանի որ պետությունը չի կարող պարտականություն դնել անձի վրա՝ անձի հաշվին և ի բարօրություն հենց այդ նույն անձի: Այս մոտեցումը պարզապես անտրամաբանական է: Դա նույնն է, որ անձը պայմանագիր կնքի ինքը իր հետ ի օգուտ իրեն: Նման իրավակարգավորումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ:
6. Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածին: Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով: Օրենքը չի ընձեռում որևէ իրական երաշխիքներ, որոնք անհրաժեշտ և բավարար են անձի ծերությունն ապահովելու համար: Ավելին, Օրենքը ստեղծում է պայմաններ, որոնք նվազագույնին են հասցնում նշված արժեքների պաշտպանության հնարավորությունը: Այս առումով, Օրենքը չունի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն, հավատ չի ներշնչում հասարակության և չի կարող հիմնավոր միջոց համարվել պետության կողմից իր սահմանադրական պարտականությունները կատարելու առումով:
7. Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետին: Հոդված 48. Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են` 2) նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը.
Սույն հոդվածի ուժով պետությունը ստանձնել է պարտականություն նպաստել բնակչության զբաղվածության և աշխատանքի պայմանների բարելավմանը: Սա ենթադրում է ոչ միայն պետության կողմից ակտիվ գործողությունների իրականացում, ինչպես օրինակ՝ համապատասխան ծրագրերի կամ ռազմավարության մշակում կամ օրենքի ընդունում, այլև հարկադրում է պետությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել նշված արժեքներին: Վիճարկվող Օրենքը ակնհայտորեն վնասում է և վատթարացնում է անձի աշխատանքային պայմանները, այդ թվում՝ աշխատանքի վարձատրությունը նվազեցնելու միջոցով, և բացի այդ որևէ կերպ չի նպաստում բնակչության զբաղվածության աճին:

No comments:

Post a Comment