Popular Posts

Tuesday, November 5, 2013

Ռուս տխրահռչակ քաղաքական մեկնաբան, Կրեմլի «խոսնակ» Մաքսիմ Շեւչենկոն հարցազրույց է տվել Նովոստի-Ադրբեջան գործակալությանը եւ բացահայտել, թե ինչպես է Ռուսաստանը նախատեսում լուծել Ղարաբաղի խնդիրը: Մինչ ռուսական քարոզչությունն ու նրա երեւանյան «մասնաճյուղերը» հայերին վախեցնում էին Ղարաբաղով, եթե Հայաստանն ընտրի եվրոպական ճանապարհը, սեպտեմբերի 3-ից հետո արդեն Մոսկվան Շեւչենկոյի միջոցով լիովին բացահայտել է իր մտադրություններն այս հարցում:
Պատասխանելով Ղարաբաղի կարգավորման հեռանկարի մասին հարցին, Շեւչենկոն մասնավորապես ասել է. «Առեղծվածն այն է, որ առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել: Այդ պատճառով, ինձ թվում է, պետք է պարզապես ձեւավորել համարժեք դաշինք, ովքեր շահագրգռված են այդ լուծմամբ: ... ԱՄՆ եւ Եվրամիության միջնորդությունն ընդամենը երկարաձգում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այս հակամարտությունն ավելի արագ կլուծվեր ռեգիոնալ մակարդակով, սակայն դա թույլ չեն տա ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Իսրայելը: ... Ռեգիոնալ մակարդակը դա Ռուսաստանն է, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը: ... Խոշոր տերությունները կարող են կողքից նայել, սակայն վերջին 20 տարիներն արդեն ցույց են տվել, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ... նույնիսկ չեն կարողացել լուծել ադրբեջանցիների՝ իրենց տարածքներ վերադարձի հարցը, նույնիսկ Ադրբեջանի 5 օկուպացված շրջանների վերադարձը չեն կարողացել լուծել: ... Ես կարծում եմ, որ Մաքսային միություն մտնելը կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի լուծմանը: ... Նախ ադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ Շուշի եւ այլ բնակավայրեր, եւ 5 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:
Այսպիսով, Շեւչենկոն բացահայտում է ղարաբաղյան խնդրի լուծման Ռուսաստանի ծրագիրը եւ մի քանի կարեւոր հանգամանքներ, ըստ որի՝ նախ լուծվում է ադրբեջանցիների վերադարձը, եւ վերադարձվում են 5 շրջաններ: Եթե հայկական կողմը դիմադրում է այս ծրագրին, ապա գործի է դրվում ռազմական միջամտության մեխանիզմը՝ «առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել»:
Բացի այդ, Շեւչենկոն բացահայտում է, որ Արեւմուտքն ամեն ինչ անում է նման հանգուցալուծումը թույլ չտալու համար:
Իհարկե, Շեւչենկոյի ասածներում որեւէ նոր բան չկա, Ռուսաստանը միշտ էլ ձգտել է նման հանգուցալուծման: Պարզապես, ներկայում, երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո «թռնելու» տեղ չունի, ամեն ինչ ասվում է պարզ ու հստակ: Պարզապես, հետաքրքիր է, այսքանից հետո ի՞նչ կասեն այն հայկական այսպես ասած քաղաքական, քաղաքագիտական, վերլուծաբանական եւ այլ շրջանակները, որոնք լծվել էին «Ղարաբաղի փրկության» ռուսական քարոզչությանը: Թեեւ, նրանք արդեն բացահայտ խոսում են «Ղարաբաղից ազատվելու» մասին, խոսում են անթաքույց ուրախությամբ:
Օրերս Գյումրիի ռուսական ռազմակայանի հրամանատարը խոսել էր ղարաբաղյան պատերազմում բազայի մասնակցության մասին: Հայաստանում քչերն էին, որ ենթադրեցին, որ բազան միջամտելու է Ադրբեջանի կողմից՝ հայերի հաղթանակը թույլ չտալու համար: Հիմա արդեն ոչ մեկի մոտ կասկած չպետք է որ մնա:
Շեւչենկոն անցյալ տարի ժամանել էր Ղարաբաղ, որտեղ մարտական հրամանատարները նրան «բացատրել» էին իրողությունները: Նա էլ էր խոստովանել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ թե ինքը, թե այլ մեկնաբաններ, մասնավորապես հայտնի հեռուստամեկնաբան Նեւզորովը, առաջադրանք էին ստացել ռուսական հեռուստատեսությամբ ներկայացնել ադրբեջանական բանակի քաջագործությունները: Սակայն, նրանք նման բան ճակատում չէին տեսել: Ավելին, Շեւչենկոն խոստովանել էր, որ եթե չլիներ Ռուսաստանի օգնությունը, Ադրբեջանն ընդհանրապես կփլուզվեր որպես պետություն, Ղարաբաղյան առաջին պատերազմում:

No comments:

Post a Comment