Կենտրոնի ոստիկանության մոտ իրավիճակը լարված է: Մաշտոցի պողոտայի միջադեպից հետո այստեղ են հավաքվել բազմաթիվ ակտիվիստներ, բերման ենթարկվածների հարազատներ, որոնք բացատրություն են պահանջում ստեղծված իրավիճակի շուրջ: ՍիվիլՆեթի լրագրողը զրուցել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, որը նույնպես գտնվում է ոստիկանության շենքի մոտ: Նա ասել է, որ ինքը և ՀԱԿ քարտուղար Արամ Արամ Մանուկյանը խոսել են բաժանմունքի պետի հետ, և վերջինս խոստացել է մեկ ժամվա ընթացքում հնարավորություն տալ իրենց հանդիպելու բոլոր բերման ենթարկվածների հետ՝ նշելով, որ ոստիկանությունում կան և´ իրավական խախտումներ կատարած անձիք, և´ այնպիսիները, որոնք չեն կատարել իրավական խախտումներ և ոստիկանությունում գտնվում են ականատեսի կարգավիճակով: Սակայն դրանից հետո իրենք տեղեկացել են, որ ոստիկանության բաժին է այցելել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որից հետո, ըստ Զուրաբյանի, իրավիճակը կտրուկ փոխվել է. բաժանմունքի պետը ներկայում հրաժարվում է պատասխանել հարցերին, ինչպես նաև դրժելով իր նախնական խոստումը թույլ չի տալիս հանդիպել բերման ենթարկվածներին: Զուրաբյանը նաև իր վրդովմունքն է արտահայտել այն հարցի վերաբերյալ, թե ինչու են երեք ժամ անց բաժանմունքում հրաժարվում հայտնել ձերբակալության կամ բերման ենթարկվածներին ազատ արձակելու որոշման մասին՝ ընդգծելով, որ ոստիկանությունը փոձում է քաղաքականացնել իրավիճակը::
«Ակնհայտ է, որ օրենքի խախտում է: Ակնհայտ է նաև, որ հիմա կարծես գնում են այն սցենարով, որ այն մարդկանց, որոնք չեն կատարել իրավական խախտումներ, ուզում են ձերբակալել»,- ասել է ՀԱԿ փոխնախագահը՝ հավելելով, որ իրենք մարդկանց անունների ցուցակ ունեն, որոնք որևէ հակաիրավական գործողություն չեն կատարել և առնվազն օրենքի խախտումով դեռևս ազատ չեն արձակվել:
Զուրաբյանը նշեց, որ իրենք կդիմեն նաև ոստիկանապետի հետ հանդիպման համար:
Ներկայում Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 39 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Բերման ենթարկվածներից ազատ են արձակվել երկուսը` Ալեն Սիոմոնյանը և Արմեն Ղազարյանը, իսկ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող), ինչպես հայտնում է ՍիվիլՆեթի լրագրողը, կալանավորվել է 316-րդ հոդվածի 2-րդ կետով:
No comments:
Post a Comment