Popular Posts

Saturday, November 9, 2013

Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին օրենքի համաձայն՝ հունվարի մեկից 1974թ եւ հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձի 5-10 տոկոսը փոխանցեն կենսաթոշակային հիմնադրամին: Սա իր հետ բերելու է հետեւանքներ, որոնք ուսումնասիրել են մի խումբ երիտասարդներ եւ եկել համոզման, որ պետք է պայքարել օրենքի դեմ: Ֆեյսբուքում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային 5-10 տոկոս պարտադիր վճարի» խումբը, որի անդամներն այսօր հանրային քննարկում էին հրավիրել Մաշտոցի պուրակում: Խմբի անդամները պատրաստվում են անցկացնել նախ  իրազեկման ակցիաներ, հասարակությանը տեղեկացնել համակարգի ներդրման բացասական հետեւանքների մասին: Օրենքի ներդրումը կբերի այնպիսի հետեւանքների, ինչպիսիք են աշխատավարձերի նվազումը, ստվերային աշխատուժի ավելացումը, գնաճը, ինչպես նաեւ ռիսկը, որ ներդրած գումարները չեն վերադառնա հասցեատերերին:
Իր խոսքում խմբի անդամ Տիգրան Մարտիրոսյանը նշել է. «Դա շատ մեծ ռիսկերի հետ է կապված, խնդիրներ է առաջացնելու շատ մարդկանց համար:  Աշխարհի փորձը մենք ուսումնասիրել ենք, էս օրենքը լավ մշակելուց հետո են կիրառել, բայց չի արդարացրել իրեն, ու շատ երկրներ վերադարձել են հին համակարգին: Երբ որ համեմատում ենք, շատ լավ կետեր, որ օրենքում եղել են, մեր մոտ ընդհանրապես չկան, ոնց որ օրենքը վերցնեն, լավ կետերը հանեն, վատերը կիրառեն»:
Օրինակ՝ տարիքային շեմը շատ երկրներում կիրառվել է 18 տարեկանից սկսած, երբ նոր պետք է   մտնի աշխատաշուկա, բացի  դրանից, էստոնական համակարգի համաձայն՝ եթե մարդը գործազուրկ է դառնում, կարող է օգտվել այդ ֆոնդից, դա եւս մեր օրենքից բացակայում է: «Ստվերային դաշտ կմտնեն շատերը, սոցիալական բեռը ավելանում է, թանկացման կնպաստի, մի քանի օր առաջ խոսում էի մի վարսավիրի հետ, ասում է՝ ի՞նչ անենք, թանկացնե՞նք ծառայությունները, որ տակից դուրս գանք: Բացի դրանից տվել են մասնավոր օտարերկրյա կազմակերպությունների, պետությունը ո՞նց է վստահում մասնավորին: Համաշխարհային ճգնաժամեր են լինում, ֆոնդեր են զրոյանում, ու էդ փորձը կա»,- համոզմունք է հայտնում Տիգրան Մարտիրոսյանը:
Իսկ խմբի անդամ, ինժեներ Սեւակ Ծատուրյանը նշեց. «Առաջինն, ինչ հասարակությունը կզգա, կլինի աշխատավարձի նվազումը, ցանկացած ոլորտում, եթե աշխատավարձը նվազում է, կամ կսկսի վատ աշխատել, կամ կպահանջի բարձր աշխատավարձ: Մրցակցային առավելությունները կկորցնենք, կառավարությունն, օրինակ, եթե տուրիզմի ոլորտը համարում է առաջնային, այն չի զարգանա, որովհետեւ գները կթանկանան, կամ սպասարկման որակը կընկնի: Եթե մարդ ապրանք է արտահանում, արտահանում է էժան աշխատուժի շնորհիվ, եթե թանկացավ, ինչպե՞ս կկարողանա արտահանել»: Իսկ խոսելով գումարի վերադարձման երաշխիքների մասին՝ երիտասարդը նշել է. «Չեմ ուզում մտածել, որ գումար կտամ էդ ֆոնդերին, մի հատ էլ կվերադառնա, թե չէ: Իհարկե, չի վերադառնա, փորձելու եմ պայքարել էդ օրենքի դեմ»:
Այս հարցերը քննարկելուց ու իրենց հետագա քայլերը որոշելուց հետո երիտասարդները կանցնեն իրազեկման, քաղաքացիներին կբաժանեն թռուցիկներ, շենքերում կփակցնեն պաստառներ, ինչպես նաեւ հարցը կներկայացնեն համապատասխան մարմիններին, եթե փոփոխություն տեղի չունեցավ, երիտասարդները չեն բացառում, որ անցկացնեն բողոքի ակցիաներ՝ պահանջելով օրենքում փոփոխություններ կատարել:

No comments:

Post a Comment