Popular Posts

Monday, November 4, 2013

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասելով, որ Մաքսային միություն մտնելու մասին որոշում Հայաստանը կայացրել է գազի գնի պատճառով, այսինքն` գազի գնի 1000 խմ մետրի դիմաց 270 դոլարի փոխարեն 189 դոլար վճարելու համար: Այսինքն` Ռուսաստանը հանել է 30 տոկոս հարկը, որ սահմանում է վառելիքի արտահանման համար: 

Այլ կերպ ասած, ըստ Արմեն Մովսիսյանի, Հայաստանի գազի սուբսիդավորման դիմաց Երևանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն: Փաստորեն, Հայաստանի ինքնիշխանությունն ու ապագան վաճառվել են 30 տոկոսով, այսինքն` այդ 30 տոկոսն, ըստ էության, դառնում է Հայաստանի համար այն «30 արծաթը», որով դավաճանվում է Հայաստանի անկախությունը, որով կատարվում է Հայաստանի ինքնիշխանության, ըստ էության, հուդայական մատնությունը:

Խոսքը տվյալ դեպքում մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, սակայն ինքնին փաստը, որ Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի որոշումը կոնկրետ գին է դառնում, արդեն իսկ խոսուն է, չափազանց խոսուն: Եվ այս ամենն, իհարկե, այն իրավիճակի դիմաց, որ առկա է Հայաստանում, քանի որ Հայաստանը գազի գնի թանկացման հարցում դիմադրունակություն չունի այն պատճառով, որ անկախության երկու տասնամյակների ընթացքում ոչ միայն չի կարողացել հոգ տանել էներգետիկ անկախության և մրցունակ, մրցակցային տնտեսության մասին, այլ նույնիսկ ամեն ինչ արել է էներգետիկ անկախության հնարավորությունները սպառելու համար:

Այս տեսանկյունից հարց է առաջանում, թե ինչու չի գործում Հայաստան-Իրան գազամուղը, այսինքն` ինչու այդ գազամուղը Հայաստանի համար էներգետիկ այլընտրանք չէ: Եթե սրան գումարվում է այն, որ և այդ գազամուղը, և Հայաստանի էներգետիկայի ահռելի մասը ուղղակիորեն ռուսական պետական ընկերությունների վերահսկողության տակ են, ապա պարզ է դառնում, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը Ռուսաստանին նույնիսկ ինչ-որ առումով ավելի «թանկ» է վաճառվել, որովհետև Ռուսաստանն, ըստ էության, ուներ գրեթե բոլոր հնարավորությունները այդ արժեքները, այդ հասկացությունները ավելի էժան կամ գրեթե ձրի, առանց ոչ մի սուբսիդավորման գնելու հնարավորություն: Սա բոլորովին ցինիզմ չէ, այլ դառը ճշմարտություն, որը դրսևորվում է մոտ երկու տասնամյակ շարունակաբար մսխված պետականության ռեսուրսների տեսքով: Երբ երկիրը թալանվում է ամենաբարձր մակարդակով, հետևանքները լինում են հենց այսպիսին:

Հայաստանը տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող, միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն ունեցող երկրի հեռանկարը, ինչը իր հերթին բնականաբար նշանակելու էր և անվտանգություն, և տնտեսական զարգացում, քանի որ քաղաքակիրթ և զարգացած պետությունների ընտանիքին ինտեգրացիան հենց դա է նշանակում` առնվազն իրական հնարավորությունների մասով, փոխանակեց գազի գնի հետ:

Երբ սեպտեմբերի 3-ին հնչեց հայտարարությունը Մաքսային միությանը միանալու որոշման մասին, թվում էր, որ սրանից ավելի խայտառակ հայտարարություն Հայաստանն այլևս ունակ չի լինելու անել: Սակայն, նոյեմբերի 4-ին, փաստորեն, Հայաստանը խայտառակության նոր ռեկորդ է սահմանում և հայտարարում, որ կարևորագույն քաղաքական որոշումը կայացվել է ընդամենը գազի գնի թանկացումից խուսափելու համար: Եվ եթե Եվրոպայում ինչ-որ մեկը կարող էր ինչ-որ կամուկացի մեջ լինել նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ՝ Հայաստանի հետ կապված հարցերում, ստորագրել, թե ոչ, ինչ ստորագրել՝ հռչակագիր, հուշագիր, թե որևէ այլ ֆորմատի փաստաթուղթ, ապա էներգետիկայի նախարարի «բացահայտումից» հետո ուղղակի վերանում են բոլոր հարցերը:

Եվ ամենացավալին գուցե այն է, որ սա էլ ամենայն հավանականությամբ դեռ բոլորը չէ, և մեծ է հավանականությունը, որ մինչև նոյեմբերի 29-ը մենք ականատես կլինենք Մաքսային միության հետ կապված նորանոր անակնկալների, որոնք կլինեն նորանոր հարվածներ Վիլնյուսում Հայաստանի ներկայությանը: Ինչպես շատերի կողմից սիրված կոմեդիայում է ասվում՝ «սըր Չարլզ Դարվինից հետո սրանցից էլեկտրական աթոռ էլ կսպասես»: Պարզապես իրական կյանքում սա ամենևին կոմեդիա չէ, այլ լավագույն դեպքում` տրագիկոմեդիա:

No comments:

Post a Comment