Popular Posts

Thursday, November 7, 2013

Կառավարության նիստում բավական հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել վարչապետի եւ ՊԵԿ նախագահի տեղակալի միջեւ: Երբ տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է ՊԵԿ-ի մաքսային վարչարարության ռազմավարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այնտեղ չկան Մաքսային միությանը վերաբերող կետեր, այն դեպքում, երբ պետք է կատարվեն մեծածավալ աշխատանքներ:
Միրումյանը ուշագրավ պատասխան է տվել, ասելով, թե Մաքսային միության կոնկրետ հիշատակում չկա, բայց ռազմավարությունը հենց այդ ելակետով էլ կազմված է: Սակայն Տիգրան Սարգսյանը հորդորել է կարճ ժամանակում ներառել փաստաթղթում այն բոլոր պայմանավորվածությունները, որ «մենք ձեռք ենք բերել»: Պարզ չէ, թե ում հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ հավանաբար այսպես ասած Մաքսային կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների, քանի որ հենց նախօրեին վարչապետը Խրիստենկոյի հետ ստորագրել էր հարաբերությունը խորացնելու հուշագիր:
Վարչապետի եւ ՊԵԿ չինովնիկի խոսակցությունը հատկանշական է մեկ այլ առումով: Փաստորեն, Հայաստանի պետական կառույցներում արդեն ինչ որ արվում է՝ արվում է մտքում ունենալով հենց Մաքսային միությունը: Այսինքն, եթե ասենք նշվում է, որ պետք է գնալ խանութ, ապա չինովնիկները գնալ հասկացության տակ ընկալում են ասենք մեքենայով գնալը եւ կարիք չեն զգում հատուկ շեշտել՝ գնալ մեքենայով:
Բայց, վարչապետը փաստորեն ասում է, որ պետք է հատուկ շեշտել՝ Մաքսային միություն… եւ այլն: Ինչի համար է պետք այդ հատուկ հիշատակումը:
Պատճառի մի քանի հավանական տարբերակ.
Գուցե Տիգրան Սարգսյանը չի ուզում, որ Մաքսային միությունը հայ չինովնիկների համար դառնա մեխանիկա, այսինքն նրանք Լենին ասելով հասկանան կուսակցություն, իսկ կուսակցություն ասելով հասկանան Լենին: Վարչապետը միգուցե ուզում է, որ մեխանիկայի փոխարեն աշխատի միտքը, որովհետեւ այսօր Հայաստանը Մաքսայինի ճանապարհին է, վաղը գուցե լինի այլ ճանապարհի, եւ չինովնիկական մեխանիկան կարող է լուրջ էքսցեսների բերել:
Գուցե վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է, որ Մաքսային միության անունը անընդհատ հատուկ հիշատակվի, որպեսզի հասարակությունը որեւէ մաքսային կամ հարկային արարողակարգի բախվելիս միշտ հիշի, թե ով է «ապահովում այսքան ուրախ կյանքը մեր»: Այսինքն, մարդիկ երբեք չմոռանան, թե որ կառույցի հովանու ներքո է Հայաստանը ճահճանում առկա որակների մեջ:
Ի դեպ, այդ առումով խորհրդանշական է Տիգրան Սարգսյանի հարցազրույցն ուկրաինական պարբերականին, որտեղ նա նշում է, թե երրորդ երկրների հետ ՄՄ մաքսատուրքերը կրկնակի բարձր են եւ Հայաստանի համար այստեղ ռիսկեր կան, սակայն ընդհանուր առմամբ ՄՄ-ին անդամակցելը շահավետ է: Տիգրան Սարգսյանը կարծես թե «թաքուն աչքով է անում» հասարակությանը, ցույց տալով, թե ինչ վտանգ է իր հետ բերում Մաքսային միությունը տասնյակ հազարավոր մարդկանց համար, ովքեր ապրանք են ներկրում այսպես ասած երրորդ երկրներից:
Իսկ ինչո՞ւ այդ մասին Տիգրան Սարգսյանը բացահայտ չի ասում: Նա մի անգամ բացահայտ դեմ խոսեց ՄՄ-ին եւ քիչ էր մնում հրաժեշտ տա պաշտոնին: Երկրորդ անգամ նա այդ ռիսկին չի գնա: Իհարկե կարող է հրաժարական տալ եւ խոսել բացահայտ: Բայց արդյոք կարող է: Բանն այն է, որ Հայաստանի պաշտոնյաները ոչ միայն պետությանը, այլ նաեւ իրենց անձնական կարիերային վերաբերող որոշումներն անգամ զիջել են Ռուսաստանին եւ Մոսկվայում կորոշեն՝ գնա՞ Սերժ Սարգսյանը, թե՞ մնա, գնա՞ Տիգրան Սարգսյանը, թե՞ մնա:
Չէ որ երբ Հայաստանում որեւէ բարձրագույն պաշտոն թափուր մնա, դա գլխացավանք է լինելու Մոսկվայի համար, որովհետեւ այդ պաշտոնի հայաստանյան հավակնորդները Կրեմլի դռներն են կոտրելու: Այնպես որ, Մոսկվան կասի, թե ով եւ երբ թափուր թողնի որեւէ բարձրագույն պաշտոն Հայաստանում:
Ահա այստեղ էլ կարող է լինել վարչապետի պնդման հավանական պատճառներից մյուսը՝ պարզապես Ռուսաստանն է պահանջում, որ Հայաստանն ամենուրեք եւ միշտ հիշի, ու անընդհատ կրկնի, որ Մաքսային միությունում է: Չի բացառվում, որ շուտով Հայաստանի սահմանային անցակետերում էլ պարտադիր կերպով հրամայվի նշել՝ «Բարի գալուստ Մաքսային միություն»:
Թեեւ, Տիգրան Սարգսյանը կարող է նաեւ ասել, թե հրաժարական չի տալիս, որովհետեւ տալու դեպքում միեւնույն է ինքը դուրս կմնա իշխանությունից եւ դրա վրա ազդելու հնարավորությունը կկորցնի, իսկ իր փոխարեն ավելի համարձակ եւ հզոր մեկը հաստատ չի գալու, եւ հետեւաբար ճիշտ է մնալն ու համակարգի ներսում փորձել պարտիզանի նման փոխել ինչ որ բան:
Եվ այդ իմաստով, գուցե վարչապետը հիմա պարտիզանություն է անում, հորդորելով անպայման նշել Մաքսային միությունը եւ այդպիսով պայթեցնելով այդ գաղափարի փուչիկը Հայաստանի հանրության համար: 

No comments:

Post a Comment