Popular Posts

Sunday, November 3, 2013

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տա: Չորս ամիս առաջ նա նման ցանկություն հայտնեց եւ ճիշտ ժամանակն է, որ այն իրականացնի: Ռուբեն Հայրապետյանը հրաժարական պետք է տա ոչ միայն այն պատճառով, որ մանկապատանեկան ֆուտբոլը ծանրագույն վիճակում է, կամ որ մեր պատանեկան եւ երիտասարդական հավաքականներն անփառունակ պարտություններ են կրում, այլ նաեւ այն պատճառով, որ ֆուտբոլային մթնոլորտը մեր երկրում թունավորված է: Ու նաեւ այն պատճառով, որ ՀՖՖ ղեկավարը պետք է լինի այնպիսի արժեքների կրող, որ ծանր տանի պատմամշակութային կոթող հանդիսացող կառույցի ձեւախեղումը: Իսկ Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն ցավ չի ապրում, այլ ցանկություն է հայտնում այն հիմնահատակ ավերել եւ տեղում 25 հարկանի շենք կառուցել:
Ճիշտ եւ ճիշտ ժամանակն է, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տա, քանի որ լինելով մարզական ֆեդերացիաներից մեկի նախագահ, նորմալ է համարում այն, ինչ տեղի ունեցավ Վոլեյբոլի ֆեդերացիայում: Եւ վերջին հաշվով, ակումբներից մեկի ղեկավարներին “ռազբորկի” կանչող մարդը, բժշկին ծեծող մարդը պետք է հրաժարական տա: 
Ռուբեն Հայրապետյանը, եթե անկեղծ լինենք մինչեւ վերջ, պետք է հրաժարական տար դեռ այն ժամանակ, երբ Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղից առաջ հազարավոր մարդիկ տոմսերը ձեռքներին չկարողացան մարզադաշտ մտնել միայն այն պատճառով, որ մի ճարպիկ տղա մի տեղի համար երկու եւ ասում են անգամ երեք տոմս էր տպել:
Եվ վերջին հաշվով միթե հրաժարական չպետք է տա այն մարդը, որի օրոք հայ մրցավարները սպասարկելով միջազգային մակարդակի հանդիպում այնպիսի խարդախություն, իսկ ավելի ճիշտ հանցանք են կատարում, որ հայտնվում են համապատասխան պատժավայրում:
Լինենք ավելի անկեղծ, միթե հրաժարականի պատճառ չէ նաեւ այն, որ Հայաստանում եղած չեղած 7.5 թիմ կա եւ դեռ հայտնի չէ, թե մինչեւ մայիս քանի թիմ կմնա: 
Հիմա ոմանք կշտապեն ասել` բա հավաքականը: Իսկ հավաքականը համեմատաբար հաջող ելույթներ ունեցավ այն ֆուտբոլիստների շնորհիվ, որոնք հայկական ֆուտբոլի դպրոցի հետ կամ առնչություն չեն ունեցել կամ այնքան քիչ առնչություն են ունեցել, որ չեն հասցրել փչանալ:
Ահա այսպիսի տխուր պատմություն: Եւ հանկարծ չկարծեք, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տա, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահը մականուն չունի: Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնելու բազմաթիվ հիմնավոր պատճառներ ունի:

No comments:

Post a Comment