ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը օրեր առաջ հայտարարել է, որ վախենում է, թե իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը Ղարաբաղն էլ կհանձնի: Արամ Մանուկյանը նման մտադրությունների և պատրաստակամության ֆոն ապահովելու քայլեր է համարել, օրինակ, Զորի Բալայանի նամակը: Այս մտավախությունը միանգամայն իրատեսական է, և ոչ մի գաղտնիք չկա, որ հանուն իշխանության, իշխանություններն ամեն ինչ կհանձնեն:
Իշխանությունների մասով այստեղ ամեն ինչ վաղուց պարզ է, և Արամ Մանուկյանը ոչ մեկի համար նորություն չի ասում: Փոխարենը, նա նորություն ասած կլինի, եթե ասի, թե ինչ են պատրաստվում անել քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը, եթե իշխանությունները որոշեն հանձնել Ղարաբաղը:
Բանն այն է, որ իշխանությունների հանձնողական բոլոր նախաձեռնությունների հանդեպ քաղաքական դաշտը լոյալություն է ցուցաբերել: Իշխանությունները այդ լոյալության ներքո հանձնեցին Հայաստանը Մաքսային միությանը: Ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ չհամարձակվեց հստակ դիրքորոշմամբ հանդես գալ այս կապակցությամբ և սկզբունքային մոտեցումներ արտահայտել: Բոլորը թաքնվեցին, այսպես ասած, «անհայտության» հետևում, թե իբր մեզ հայտնի չէ մաքսային փաստաթղթերի բովանդակությունը և դրա համար չգիտենք՝ մտնել, թե չմտնել: Իսկ այս ընթացքում Հայաստանը հետևողականորեն մտնում է, արդեն հայտ է ներկայացրել, հայտն էլ ընդունվել է, շուտով «ճանապարհային քարտեզ» կներկայացնեն, ու չի բացառվում, որ այդ քարտեզը երկու երես ունենա՝ ստվերային և հրապարակային, և ստվերային երեսի վրա լինի նաև Ղարաբաղը հանձնելու ճանապարհը: Ու մինչև Հայաստանի, այսպես կոչված, խորհրդարանական ընդդիմությունն «անհայտության» մեջ կլռի՝ ընդամենը հայտարարելով, որ եթե իրենք լինեին, ավելի արժանապատիվ կմտնեին Մաքսային միություն, իշխանություններն իրենց մտցրածն ավելի խորն են տանում: Եվ երբ բանը հասնի Ղարաբաղին, ընդդիմությունները կրկին կհայտարարեն, որ բանակցությունները գաղտնի են, ոչինչ պարզ չէ և ոչինչ ասել չեն կարող: Բայց կասկած չկա, որ հետո կասեն, որ իրենք ավելի արժանապատիվ կհանձնեին Ղարաբաղը: Իրականում նրանք Ռուսաստանին ոչինչ ասել չեն կարող: Նրանց անելիքը մնացել է ընդամենը «սև թուղթ» բերելը, թե՝ օգնեք, հանձնեցին, ծախեցին, տվեցին և այլն: Իսկ բուն առաքելությունը՝ այդ ամենին խոչընդոտելը, անցել է երկրորդական, երրորդական պլան:
Իշխանությունների առանձին և գերակա պատասխանատվությունը միանշանակ է և որևէ, այսպես ասած, մեղմացնող հանգամանք չի հանդուրժում, սակայն սրան զուգահեռ՝ միանշանակ է նաև, որ ստեղծված իրավիճակի և Հայաստանի ինքնիշխանության հարցում նման ստագնացիայի համար պատասխանատու են նաև այն քաղաքական ուժերը, որոնց լռության պայմաններում տեղի ունեցավ այս ամենը: Նրանցից ոչ ոք փորձ անգամ չարեց հասարակական դիմադրություն կազմակերպելու, փորձ անգամ չարեց իշխանությունների վրա ճնշում գործադրելու, որ չկայացվի Հայաստանի սուվերենությունն ինչ-որ Մաքսային անհասկանալի ճահճի մեջ գցելու որոշում: Որովհետև բոլորի սեղանին ընդամենը իշխանության խնդիրն էր, որը Հայաստանի հետ իրականում ոչ մի կապ չուներ:
Եվ հիմա էլ Ղարաբաղի հետ ոչ մի կապ չեն ունենալու մտահոգությունները, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ այդ մտահոգությունները չեն դարձել հստակ և կոնկրետ դիրքորոշումներ և դրանց վրա կառուցված նախաձեռնություններ: Իհարկե, այսօր արդեն այս ամենի կարիքը երևի թե չկա, որովհետև Մաքսայինը բավական ուսանելի դաս եղավ հասարակության համար խորքային առումով և Ղարաբաղի հարցում, անկասկած, հասարակությունը կվարվի բոլորովին այլ կերպ՝ և՛ արժանապատիվ, և՛ ոչ արժանապատիվ հանձնողների հանդեպ:
No comments:
Post a Comment