Popular Posts

Friday, February 17, 2012

Ռուսաստանի Սևծովյան նավատորմին առաջարկվում է վերադարձնել Սևաստոպոլի նավամատույցները կամ վճարել


Ռուսաստանի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլում շահագործում է 38 նավամատույց, որոնք ներառված չեն վարձակալական հիմունքներով միջկառավարական համաձայնագրում: Ինչպես հաղորդում է newsru.ua-ն, Սևաստոպոլի քաղաքային կառավարման փոխնախագահ Սերգեյ Սավենկովը լրագրողներին հայտնել է, որ իրենք այս փաստը բացահայտել են գույքագրման ժամանակ:
«Այդ իսկ պատճառով հարց է առաջանում` կարիք կա՞ դրանք վերադարձնել քաղաքին, թե դրանց դիմաց փոխհատուցում տրամադրել: Եվ այժմ մենք, որպես հյուրընկալ տանտերեր, բնականաբար, հարց ենք բարձրացնում. ինչպե՞ս անել և ինչ անել, որ արդար լինի», - ասել է նա:
Սավենկովի խոսքով` պատմականորեն այնպես է դասավորվել, որ նավամատույցների ավելի քան 50%-ն օգտագործում է Սևծովյան նավատորմը:
«Սակայն շատ նավամատույցներ ու տարածքներ ծանրաբեռնված չեն ու չեն շահագործվում այնպես, ինչպես պետք է…Ռուսաստանին առաջարկվում է սեփականաշնորհել այդ տարածքները, ներդրումներ կատարել, որպեսզի քաղաքն ու նավահանգիստը զարգանան ոչ միայն ռազմական ուղղությամբ», - ասել է Սևաստոպոլի քաղաքային պետական կառավարման փոխնախագահը:
Նրա խոսքով` Ռուսաստանին առաջարկվել է վեց խոշորագույն պիլոտային ծրագիր:
2009 թ.-ին հուլիսին Ուկրաինան հերթական անգամ կոչ էր արել Ռուսաստանին անհապաղ վերադարձնել Ուկրաինայի նավիգացիոն- հիդրոգրաֆիական ունեցվածքը, որն ապօրինի շահագործում է ՌԴ Սևծովյան նավատորմը: Ուկրաինան պնդում է 35 նավիգացիոն օբյեկտի հետ վերադարձման մասին, սակայն ռուսական կողմը հրաժարվում է կատարել ուկրաինական դատարանների որոշումը:

No comments:

Post a Comment