Popular Posts

Thursday, February 9, 2012

Գեներալ Մանվելը կպայքարի՞ արդյոք հարազատ եղբորորդու դեմ


Փետրվարի 12-ի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում թեժ պայքար է սպասվում նաև Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետի ընտրություններում. Էջմիածնի շրջանի այս գյուղում միմյանց դեմ պայքարելու են գործող գյուղապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայր Զարզանդ Գրիգորյանը և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, որին, ըստ որոշ տեղեկությունների, հովանավորում է ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ Հրանտ և Զարզանդ Գրիգորյանները գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդիներն են:
Tert.am-ի հետ զրույցում Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ ինքն առհասարակ որևէ մեկի աջակցության կարիքը չունի և կողմ է, որ ազնիվ ընտրապայքարով ժողովուրդն ինքը որոշի, թե ով պետք է լինի գյուղապետ:
«Գեներալին և ընդհանրապես նրանց գերդաստանին ես շատ եմ հարգում: Մանվել Գրիգորյանի եղբայրը արցախյան պատերազմում զոհված Սամվել Գրիգորյանը, իմ և դպրոցի, և պատերազմի ընկերն է եղել: Բայց դա ի՞նչ կապ ունի, ես հովանավորի կարիք չունեմ: Էդ հնարավոր է հիմիկվա գյուղապետն ունի հովանավորների կարիք, որ ամբողջ օրը սրա, նրա անունն է տալիս»,- նշեց թեկնածու Գրիգոր Գրիգորյանը:
Գրիգոր Գրիգորյանը նաև ասաց, որ Զարզանդն ու իր եղբայրները` Հրանտ Գրիգորյանն ու Արթուր Գրիգորյանը կանգնում են ճանապարհներին և սպառնում «անցնող-դարձողներին, թե էդ մեր դեմ եք աշխատում հա՞, մեր թիկունքին Հովիկ Աբրահամյանն ա, մեր թիկունքին մարզպետն ա, մեկ ա, մենք հաղթելու ենք ու կտեսնեք, թե փետրվարի 13-ից ոնց ենք պատժելու էդ մեր դեմ աշխատողներին»:
Գրիգոր Գրիգորյանն ավելացրեց, որ Զարզանդ Գրիգորյանի թիմը ոչ միայն «վախեցնում է ողջ գյուղը ոստիկաներով լցնելով», այլև կաշառում է ում ասես:
Զարզանդ Գրիգորյանի հետ խոսել չհաջողվեց, նրա փոխարեն Հրանտ Գրիգորյանը պարտավորություն վերցրեց պատասխանել մեր հարցերին: Նա սովորական համարեց Հովիկ Աբրահամյանի իրենց հովանավորելու մասին խոսակցությունները. «Բնական է դա, քանի որ իմ եղբորն առաջադրել է «(Հայաստանի) Հանրապետական կուսակցությունը»»:
Նա կաշառելու և վախեցնելու մասին հայտարարություններն անհիմն համարեց` նշելով, որ ոչ մի լարված մթնոլորտ գյուղում չկա: «Ես ձեզ հավատացնում եմ, որ ոչ մի հակամարտություն չկա, ոչ մի սպառնալիք չի եղել և չի լինելու: Հուսով ենք, որ կանցկացվի արդար, օրենքի տառին համապատասխան ընտրոթյուններ»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք հուսով են, որ գյուղացիների մասնակցությունը մեծ է լինելու: «Նախընտրական հանդիպումերը ցույց են տալիս, որ իմ եղբայրը կվերընտրվի»,- եզրափակեց նա:

No comments:

Post a Comment