Բաթում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն, Վրաստան) քաղաքում մզկիթի կառուցման և Թուրքիայի տարածքում քրիստոնեական երկու տաճարի վերակառուցման մասին Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության առնչությամբ Վրաստանի պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հասարակությանը հիշեցնում ենք, որ այդ հարցի առնչությամբ Թուրքիայի և Վրաստանի միջև ավելի քան երկու տարի շարունակվող բանակցություններն ընթանում են օրենսդրության կոպիտ խախտումներով, քանի որ վրացական բոլոր եկեղեցիների և վանքերի սեփականատեր հանդիսացող Վրաստանի պատրիարաքարանը չի մասնակցել և չի մասնակցում այդ բանակցութուններին:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ Բաթումում նոր մզկիթի կառուցումը թույլտրելու իշխանությունների ցանկությունը շատ պրոբլեմատիկ է: Արդարացում չունի նաև այն փաստարկը, թե իբր դա արվում է Օշկի վանքն ու Իշխանի տաճարը փրկելու համար, քանի որ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությունը Թուրքիայի կառավարության պատասախանատվության գոտում է գտնվում: Ուստի, իշխանույթունները դեռ մի քանի տարի առաջ պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմեին`այդ հարցը քննության առնելու նպատակով»:
Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, պատրիարքարանը նաև Վրաստանի և Թուրքիայի իշխանություններին ուղղված առաջարկով է հանդես եկել: «Մենք խնդրում ենք վերականգնել պատմական Լազեթում գտնվող Արդաշեն մենաստանը, ապա նաև մեր մասնակցությամբ բանակցություններ անցկացնել Վրաստանում թուրքական մզկիթների վերականգնման վերաբերյալ: Եվ եթե դա թուրքական կողմի համար ինչ-ինչ պատճառներով ընդունելի չէ, ապա մեզ համար ևս բացարձակապես ընդունելի չէ Օշկին և Իշխանը փրկելու պատրվակով Բաթումում մեր պատմության ամենածանր շրջանը խորհրդանշող Ազիզիայի մզկիթի շինարարությունը»,-ասված է հաղորդագրությունում:
Օրեր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուգրուլ Գյունայը հայտարարել էր, թե իրենք համաձայնություն են ձեռք բերել Վրաստանում մզկիթ կառուցելու հարցում։ «Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են հաստատվել, և մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառում։ Երկու երկրներում էլ մշակութային հուշարձաններ կան, և դրանց վերականգնման վերաբերյալ որոշ ժամանակ մենք բանակցություններ էինք վարում, և այսօր կոնկրետ արդյունքի ենք հասել։ Վրացական կողմը պատրաստ է մեզ տեղ հատկացնել, որտեղ նոր մզկիթ կկառուցենք»,– ասել էր Գյունայը և հավելել, որ Թուրքիան ևս իր վրա պարտավորություն է վերցրել, վրացի մասնագետների մասնակցությամբ և հսկողությամբ, վերականգնել «Օշկի» վանքն ու Իշխան գյուղի տաճարը:
Բաթումի բնակիչները հայտարարել են, թե թույլ չեն տալու մզկիթի շինարարությունը, բուլդոզերով քանդելու են այն:
No comments:
Post a Comment