Թեև ԱԺ-ի հաստատմանը Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը ենթադրվում է, որ նախագահն է օրենքը մեկնաբանելով որոշելու արտակարգ դրություն հայտարարել չհայտարարելու անհրաժեշտությունը, և օրենքին դեմ արտահայտվողները տեսնում են վտանգ բանակը գործիք դարձնելու օրինականացման մեջ, ՀՀ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նման տարբերակը բացառում է:
«Եթե, առանց արտակարգ դրություն հայտարարելու, հնարավոր է վերացնել վտանգը, ՀՀ նախագահը չի կարող հայտարարել արտակարգ դրություն. հիմնականում Ազգային ժողովը, որոշ դեպքերում էլ Սահմանադրական դատարանն են վերահսկելու»,- Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ասել է նա:
Բանակի` քաղաքականությանը միջամտելու և իշխանության ձեռքին գործիք դառնալու վտանգ փոխնախարարը չի տեսնում և վստահեցնում է` օրենքն այլ հնարավորություն, քան բանակը գործադրել միայն սահմանադրական կարգին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար, չի նախատեսում:
«Այս օրենքում հնարավորինս ապահովված է հավասարակշռությունը տարբեր շահերի միջև»,-ասել է Գրիգոր Մուրադյանը և ավելացրել. «Օրենքն, ըստ էության, սահմանում է այն հնարավորությունները, որոնք արտակարգ իրավիճակներում, բացի ռազմական դրությունից, պետական, տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ունենալ և սահմանում է այն ընթացակարգերը, որոնց շրջանակներում դրանք կարող են կիրառվել: Այդ սահմանները դեռևս ուրվագծված չէին և սա կարող էր հանգեցնել որոշակի սահմանադրական ճգնաժամերի, եթե իսկապես ի հայտ գային սահմանադրական կարգին սպառնացող ինչ-ինչ վտանգներ»:
Ինչ վերաբերում է ընդդիմության ու հասարակության կասկածներին, թե նախընտրական շրջանում նման օրենք ընդունելը բացահայտ հաստատումն է այն բանի, որ բանակը կարող է խառնվել քաղաքականությանը, Գրիգոր Մուրադյանն ունի բացատրություն. «Ես փորձեմ հավատացնել, որ այս օրենքի քննարկման համընկնումը նախընտրական շրջանին, ուղղակի պատահականություն է: գործող իշխանությանը պակաս ձեռնտու էր այս դաշտի կանոնակարգումը, որովհետև գործող Սահմանադրությունը լայն ասպարեզ է տալիս իշխանություններին գործելու առանց օրենքի, սակայն հաշվի առնելով, որ այս խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է, Սահմանադրության` այս առումով հանդուրժողական դրույթի կիրառման հետագա երկարաձգումը, մեր կարծիքով անթույլատրելի էր», - ասել է նա:
No comments:
Post a Comment