Popular Posts

Saturday, February 25, 2012

Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջիկայում սենսացիոն բաներ են սպասվում


Երկուշաբթի օրը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի փաստաբանը Վերաքննիչ դատարան է ներկայացնելու դատական հայց ընդդեմ Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լրագրողին կալանքի սանկցիա տալու հունվարի 23-ի որոշման դեմ, այս մասին Tert.am–ին հայտնեց Հայկ Գևորգյանը:
Որպես վերջնանպատակ կա նաև մտադրություն դիմելու ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու ՀՀ ՃՈ քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Ասատուրյանի դեմ, որը, ըստ Հայկ Գևորգյանի, կալանքի սանկցիայի միջնորդությունը ներկայացնելիս ակնհայտ կեղծ տեղեկությունն էր տրամադրել դատարանին, «որի հիման վրա էլ դատարանը կայացրել էր ապօրինի որոշում»:
Հիշեցնենք, որ «ՀԺ»-ի րագրողը կալանավորվեց, ապա վերահսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը՝ այս տարվա հունվարի 13-ի քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու և նրան դեպքի վայրում թողնելու մեղադրանքով:
Հայկ Գևորգյանի մեկնաբանությամբ՝ եթե դատարանը «թղթերը ուշադիր նայեր», ապա կտեսներ, որ կան կեղծ փաստական տվյալներ: Մասնավորապես խոսքն այն մասին է, որ քննիչի միջնորդության մեջ որը հիմնավորում էր լրագրողին կալանավորվելու անհրաժեշտությունը, նշվում է, որ նա մինչև հունվարի 20-ը կանչվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել: Մինչդեռ հայտնի է, որ քրեական գործը հարուցվել է հունվարի 20-ին, և, հետևաբար, Հայկը չէր կարող կանչվել «հարցաքննության», որովհետև հարցաքննություն կատարվում է, եթե կա քրեական գործ:
Հայկ Գևորգյանը նաև ասաց, որ Կենտրոն Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի (նույն դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին և «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ նախկին քննիչ) ընդունած որոշման մեջ կա զավեշտի հասնող նախադասություն, ըստ որի, Հայկ Գևորգյանը Աշոտ Ֆրանգուլյանին վրաթերթի է ենթարկել 2012 թ. հունվարի 13-ին, սակայն նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել է դեռևս 2011 թ.մարտի 15-ին:
Ամփոփելով՝ Հայկ Գևորգյանն ասաց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործով առաջիկայում սենսացիոն բաներ են սպասվում, որոնց առայժմ չի անդրադառնում, բայց ասաց, որ Աշոտ Ֆրանգուլյանի ոտքի դատաբժշկական փորձաքննության եզրակացության` իրեն տրամադրված օրինակի կեսը սպիտակ է ֆոտոպատճենահանումից:
Հայկ Գևորգյանի և Աշոտ Ֆրանգուլյանի միջև որևէ առերես հարցաքննություն չի կատարվել, քանի որ լրագրողն, ինչպես հայտնի է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Իսկ առերես հարցաքննությունները կատարվում են քրեական գործով անցնողների՝ իրար հակասող ցուցմունքների դեպքում:
«Ինձ համար ցուցմունքներից հրաժարվելը սկզբունքի հարց է: Նախ, իրենք պետք է ապացուցեցեն, որ ես մեղավոր եմ, և երկրորդ, ես չեմ վստահում ոստիկանական համակարգին ու գիտեմ, որ այդ համակարգի ղեկավարն է սարքել այս գործը»,- ասաց Հայկ Գևորգյանը:
Լրագրողն ասաց նաև, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում «ոչ մի քննչական գործողություն» չի կատարվում: Մեկ անգամ կանչվել է և վերադարձրել են կալանքի ժամանակ առգրավված իրերը՝ ֆոտոխցիկ, գրիչ, ձայնագրիչ:
Իսկ «ՀԺ»-ի մեքենան, որով ըստ ոստիկանության՝ կատարվել է վրաերթը, դեռ չի վերադարձվել:

No comments:

Post a Comment