Վերջին տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի հետեւողական վատթարցմանը զուգահեռ քաղաքացիական որոշակի շրջանակների կողմից ինտեսնիվ պայքարի ճակատ բացվեց հանքարդյունաբերության դեմ: Հանրային ընկալման մեջ փորձ է արվում ձեւավորել կարծիք առ այն, որ հանքարդյունաբերությունը իրականում չարիք է երկրի համար, որի միջոցով կեղեքվում է Հայաստանի ընդերքը, մարդիկ հանքերում շահագործվում են անմարդկային պայմաններում, եւ հանքերը անդառնալի եւ հսկայածավալ վնասներ են հասցնում տեղանքի բնությանը: Այս թեզերը տարիների ընթացքում այնքան հղկվեցին եւ զարգացան, որ արդեն իսկ ուտոպիստական կոչեր են հնչում, որ պետք է փակել հանքերը եւ զբաղվել այլընտրանքային տնտեսությամբ, այսինքն` գյուղատնտեսությամբ: Այս համատեքստում նաեւ կոչեր են հնչում, որ հայ գյուղացիները չպետք է հանքափոր դառնան, այլ պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ:
Որեւէ մեկը միամտաբար չի պնդում, որ հանքարդյունաբերության ոլորտում ամեն ինչ իդեալական է եւ այնտեղ խնդիրներ չկան: Սակայն այդպիսի խնդիրների կարգավորման իրավասությունը պատկանում է ՀՀ կառավարությանը եւ համապատասխան պետական գերատեսչություններին, որոնք պետք է հետեւողական աշխատեն խնդիրների լուծման ուղղությամբ եւ մշակեն համապատասխան օրենսդրական բազա: Սակայն փորձը ցույց է տալիս, որ պետական օղակները ավելի շատ զբաղված են խնդիրներ հարուցելով, սակայն քաղաքացիական ակտիվիզմի քննադատության թիրախում հիմնականում հանքարդյունաբերությունն է:
Հանքարդյունաբերության դեմ կատաղի պայքար մղելուց առաջ արժեր զուտ մակերեսային ուսումնասիրություն անել հասկանալու համար, թե ինչ ռազմավարական նշանակություն ունի հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության համար եւ ինչպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ է լուծում հատկապես մարզերում:
Օգտակար հանածոներով հարուստ մարզերից է Սյունիքը, որտեղ հանքարդյունաբերությունը կենսական նշանակություն ունի: Մարզը ուրբանիզացման մակարդակով հանրապետությունում գրավում է առաջին տեղը` 71%, ինչը տնտեսական ակտիվության եւ զարգացվածության կարեւորագույն ցուցանիշ է: Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ ըստ պաշտոնական վիճակագրության` Սյունիքի մարզում արդեն մի քանի տարի է, ինչ միջին ամսական անվանական աշխատավարձը ամենաբարձրն է հանրապետությունում: 2013թ. մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 205 638 դրամ, այն դեպքում, երբ մայրաքաղաք Երեւանում այդ ցուցանիշը կազմում է 157 652 դրամ: Վերոհիշյալ ցուցանիշներ հաջողվել է գրանցել հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածության շնորհիվ: Մարզի 7 քաղաքային համայնքներից 3-ը գոյատեւում եւ զարգանում են բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ (Կապան, Քաջարան եւ Ագարակ): Առաջին երկուսը մարզի ամենախոշոր քաղաքային համայնքներն են: Ի դեպ, մարզկենտրոն Կապանի հարող տարածքում դեռեւս միջնադարից գործել են պղնձահանքեր եւ պղնձաձուլարններ: Այդտեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Իսկ ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Հետեւաբար առանց հանքարդյունաբերության Կապան քաղաքը պարզապես կվերանա, իսկ բնակիչները կմիանան արտագաղթողների ստվար բանակին, նույնը վերաբերում է Քաջարանին եւ Ագարակին: Հանքարդյունաբերության դադարեցման աղետալի հետեւանքների դասական օրինակ է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը: 1951թ. քաղաքի կարգավիճակ ստացած Դաստակերտը ապրում էր բացառապես 1952թ. այդտեղ կառուցված պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհիվ: Շուրջ 4 հազար բնակչություն ունեցող այս քաղաքը ավերակների վերածվեց այն բանից հետո, երբ 1975թ. խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին փակել կոմբինատը: Դրանից հետո Դաստակերտը դատարկվեց, բնակչության մեծ մասը ոչ թե սկսեց գյուղատնտեսությամբ զբաղվել ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, այլ արտագաղթեց: Ներկայումս Դաստակերտի բնակչությունը կազմում է շուրջ 300 մարդ եւ այնտեղ համոզմունք է տիրում, որ Դաստակերտը կարող է ապագա ունենալ միայն պղնձամոլիբդենային գործարանի վերագործարկման դեպքում:
Դաստակերտի օրինակը ցույց է տալիս, որ միայն արդյունաբերության շնորհիվ է հնարավոր այդ տարածաշրջանում մարդկանց պահել հայրենիքում, կոնկրետ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությանը այլընտրանք չկա` դեռ: Հանքարդյունաբերության մեջ զբաղվածներին գյուղատնտեսությամբ զբաղվելու կոչերը մառազմատիկ ուտոպիստական դրսեւորում է: Որեւէ մի հանքարդյունաբերող այդ մարդկանց չի շահագործում իրենց կամքին հակառակ, պարզապես այդ տարածաշրջանի շատ բնակիչների համար տնտեսապես առավել շահավետ է աշխատել հանքարդյունաբերության ոլորտում, քան Սյունիքի լեռներում մեղու պահելը կամ անասնապահությամբ զբաղվելը: Այդ մարզում հանքարդյունաբերության դադարեցումը ուղղակի կնշանակի տարածաշրջանի ամայացում, ինչը ավելի շատ ադրբեջանական երազանք է, քան հայկական:
No comments:
Post a Comment