Popular Posts

Wednesday, August 14, 2013

Չնայած Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանիի խոստումներին, թե կանանց քաղաքացիական իրավունքները կբարելավվեն իր կառավարման օրոք, Քազվին քաղաքի խորհրդի կին անդամին թույլ չեն տվել զբաղեցնել պաշտոնը՝ «սեքսուալ» լինելու պատճառով, գրում է «Ալ-Արաբիան»՝ հղում անելով բրիտանական The Times-ում տեղ գտած հոդվածին:

Նինա Սիախալի Մորադիին քաղաքային խորհրդում թույլ չի տրվել անցնել պաշտոնի, քանի որ նրա ընտրությունը չեղյալ է հայտարարվել կրոնական պահպանողականների կողմից:

Հունիսին անցկացված ընտրությունների ժամանակ, անգամ ստանալով 10.000 ձայնից ավելի և 163 թեկնածուներից զբաղեցնելով 14-րդ տեղը, ինչը նրան ապահովում էր քաղաքային խորհրդի անդամի պաշտոնը, 27-ամյա ինժեներ և վեբ-կայքի դիզայներ Մորադին ստիպված է եղել շատ շուտ ավարտել իր քաղաքական կարիերան, որովհետև համարվել է «չափազանց գրավիչ» պաշտոնը զբաղեցնելու համար:

«Մենք նորաձևության պոդիումի մոդել չենք ցանկանում խորհրդում»,- ասել է Քազվինի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Մորադիի կարգախոսն էր՝ «Երիտասարդ գաղափարներ երիտասարդ ապագայի համար»։ Նա կողմ էր Քազվինում կանանց ավելի լավ իրավունքներին, հին քաղաքի վերականգնմանը և քաղաքի նախագծերում երիտասարդության ավելի մեծ ներգրավվածությանը: Նրա լիբերալ հայացքները շատ սատարողներ է գտել բնակչության շրջանում:

No comments:

Post a Comment