Popular Posts

Tuesday, August 13, 2013

Roshen ընկերության արտադրանքը արդեն սկսել են ստուգել նաև Ղրղզստանի իշխանությունները: Ուկրաինական ընկերության արտադրանքը Ղրղզստանում դեռ լաբորատոր փորձաքննություն է անցնում: 

Ամեն ինչ սկսեց Ռոսպոտրեբնադզորից, որը հայտարարեց, որ Roshen-ի կաթնային շոկոլադում բենզապիրեն նյութ կա, որը քաղցկեղ է առաջացնում, և արգելեց ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան: Դրան ի պատասխան ուկրաինացի պաշտոնյաները հայտարարեցին, որ անցկացրել են լաբորատոր փորձաննություն և ոչ մի վտանգավոր նյութ չեն հայտնաբերել Roshen-ի արտադրած շոկոլադում: Նրանք պահանջեցին հանդիպում ռուսական ծառայության ներկայացուցիչների հետ, և բանակցությունները կարող են լինել այս շաբաթ:

Մինչև Ղրղզստանի արձագանքը, արտադրանքի ստուգումն արդեն սկսել էին Ղազախստանում, Մոլդովայում, Բելառուսում և Տաջիկստանում: Բոլոր երկրներում էլ փորձաքննության արդյունքը դրական է և ոչ մի վտանգավոր նյութ չի հայտնաբերվել: Փորձաքննությունը շարունակվում է Բելառուսում: 

Հիշեցնենք, որ մեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել էր, որ ուսումնասիրում է Ռոսպոտրեբնադզորի որոշումը և դրանից հետո նոր հնարավոր է փորձաքննություն սկսի: Իսկ ուկրաինական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Մեգաֆուդը» պատասխանել էր, որ արտադրանքը Հայաստան է հասնում արդեն լաբորատոր փորձաքննություն անցած և համապատասխան փաստաթղթերով, այնպես որ փորձաքննության անհրաժեշտություն չկա: Ըստ մամուլի հրապարակումների, «Մեգաֆուդը» պատկանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:

No comments:

Post a Comment