Popular Posts

Tuesday, August 27, 2013

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման դեռ մտածում է Սիրիայի հարցով վերջնական տարբերակների շուրջ:

Լրատվամիջոցները կանխատեսում են, որ Արևմուտքը Սիրիային կհարվածի հինգշաբթի օրը: Այս լուրերի ֆոնին աճել է նաև նավթի գինը՝ Brent ընկերության մեկ բարելի դիմաց կազմելով 113 դոլար, հայտնում է BBC-ն:

Ռուսաստանը հանդես է գալիս դատապարտող հայտարարություններով. մասնավորապես այդ երկրի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Սիրիայի հարցում իր պահվածքով Արևմուտքը նմանվում է «կապիկի, որի ձեռքում նռնակ կա»:

Ռուսաստանը նաև գործնական քայլեր է ձեռնարկում: Interfax-ը նշում է, որ Ռուսաստանը իր երկրի և ԱՊՀ-ի տարբեր երկրների մոտ 100 քաղաքացիների է տարհանել Սիրիայից:

Դա արվել է ԱԻՆ օդանավով, որն ավելի վաղ 20 տոննա հումանիտար օգնություն էր հասցրել Սիրիայի Լաթաքիա քաղաք:

Տարհանվածներից 75-ը ՌԴ քաղաքացիներ են, մեծ մասը՝ կանայք ու երեխաներ: Այդ օդանավը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք կկատարի երեկոյան 22:30-ին:

22.00
___________________________________________________________________________________

Guardian պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռներ և ռազմատեխնիկա է կենտրոնացնում Կիպրոսի ռազմաբազայում, որը գտնվում է Սիրիայի սահմանից 160 կմ հեռավորության վրա: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հարևան Հորդանանի տարածքում արդեն իսկ տեղակայված են ԱՄՆ-ի F16 կործանիչները և «Պատրիոտ» համալիրները: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը: 

Այնինչ ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Բրիտանիան չի պատրաստվում իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հաղորդում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով: Միաժամանակ վարչապետը նշել է, որ տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո չի կարելի շրջանցել Սիրիայի հարցը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը դեռևս հարցում չի ստացել Սիրիա ներխուժելու թույլտվության մասին: Միևնույն ժամանակ, նախօրեին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել էին, որ կաջակցեն ԱՄՆ-ին ռազմական միջամտության գործում՝ նույնիսկ առանց ՄԱԿ-ի թույլտվության:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են ներխուժել Սիրիա, եթե նախագահ Օբաման հաստատի այդ մասին որոշումը:

Այս իրադարձությունների ֆոնին Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ որևէ այլ երկրի կողմից ռազմական միջամտությունը կծառայի «Ալ-Կաիդայի» շահերին:

No comments:

Post a Comment