Դատպարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում մահացել է աղմկահարույց «Բանդայի գործ»-ով մեղադրյալ Արման Դալլաքյանը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի երեկոյան: ՔԿՀ վարչությունից Արմնյուզը տեղեկացավ, որ դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ Արման Դալլաքյանը աչքի վիրահատության էր ենթարկվել: Արտասահմանից եկած մասնագետի կատարած վիրահատությունը բարեհաջող էր անցել, բայց երեկ երեկոյան կալանավորի վիճակը կտրուկ վատացել է:
Գոռ Ղլեչյանի հավաստիացմամբ` Արման Դալլաքյանին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Մահացածի հայրը` Ալբերդ Դալլաքյանը, ասում է, որ որդին մինչեւ կալանավորվելը որեւէ առողջական խնդիր չի ունեցել, անգամ պոլիկլինիկայից դա հավաստող տեղեկանք է ներկայացրել ՔԿՀ:
Արմանի փաստաբան Վաչագան Քոսյանը պնդում է, որ նախաքննական մարմինն իր պաշտպանյալից ինքնախոստովանական ցուցմունքը կորզել է խոշտանգումներով, ինչին չդիմանալով Արմանը մեկ անգամ ինքնասպանության փորձ է արել:
Արաման Դալլաքյանը 11 ամիս ՔԿՀ-ում անցկացրել է մեծ չափերի հասնող ճողվածքով` սպասելով վիրահատության հերթին: ՔԿՀ-ում մերժել են ծնողների խնդրանքը` սեփական միջոցներով վիրահատությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում: Նրան վիրահատել են անցած նոյեմբեր, որից հետո, ըստ փաստաբանի, Արմանը վատացել է: Վերջին անգամ Արմանի հայրը որդուն տեսակցելու է գնացել մոտ չորս օր առաջ, բայց տեսակցությունն արգելել են: Իսկ փաստաբան Վաչագան Քոսյանը պաշտպանյալին տեսակցել է մոտ երկու ամիս առաջ: Դրանից հետո Արման Դալլաքյանը ի վիճակի չի եղել տեսակցության գալ:
Այդ ընթացքում աճուկների վիրահատություն էլ է տարել, իսկ աչքի վիրահատության մասին նոր են իմացել: Թե ինչից է վրա հասել կալանավորի մահը, պարզ կդառնա բժշկի եզրակացությունից հետո: Նշանակվել է նաեւ դատաբժշկական փորձաքննություն: «Բանդայի գործ»-ով վերջին երկու դատական նիստերին Արման Դալլաքյանը չի ներկայացվել դատարան` վատառողջ լինելու պատճառով: Գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը երկու հարցում է ուղարկել ՔԿՀ, պարզելու, թե ինչ խնդիր ունի մեղադրյալը եւ ինչ բուժօգնություն է նրան տրամադրվում: Սեպտեմբերի 9-ին նշանակված է գործով հաջորդ դատական նիստը: ՔԿՀ-ից ստացված վերջին հարցման պատասխանը նախատեսվում է հրապարակել հենց այդ նիստին:
No comments:
Post a Comment