Popular Posts

Thursday, September 5, 2013

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով Tert.am-ի հարցին, նկատում է, որ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու որոշումը Հայաստանինն ու հայաստացիներինն է, միևնույն ժամանակ ավելացնում, որ Հայաստանը հաջողակի դիրքերում է հայտնվում, երբ ապահովում է ընտրության լայն հնարավորություններ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում։

- Պարոն դեսպան, Դուք և՞ս համարում եք, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշումը շրջադարձ է և հակասում է վերջին երկու տարում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսին։

- Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ունի հստակ գծված քարտեզ` հետագա առաջընթացի համար, ուստի սա որոշում է Հայաստանի և հայաստանցիների համար: Մենք համաձայն ենք, որ այս որոշումները կենսական նշանակություն ունեն ձեր երկրի ապագայի համար, սակայն գտնում ենք, որ սա Հայաստանի քաղաքացիների և նրանց կողմից ընտրված ղեկավարության խնդիրն է:

- ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասել է, որ որևէ անբնական բան Մոսկվայում տեղի չի ունեցել, որովհետև Հայաստանը մշտապես շեշտել է, որ ինքը կողմնակից է «և-և»-ի քաղաքականությանը, այսինքն՝ խորացնել հարաբերությունները ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, ինչպես նաև՝ երկխոսությունը եվրոպական կառույցների հետ։ Համամիտ ե՞ք պարոն Շարմազանովի տեսակետի հետ։

- Դեսպանատան դիրքորոշումը և մեր գործողությունները նպատակ են ունեցել և ունեն սատարելու Հայաստանի ընտրության հնարավորությունը: Ճիշտ է, մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա հաջողություններ, սակայն հաջողության համար խիստ կարևոր է ընտրության հնարավորություններ զարգացնելը:

- Ըստ Ձեզ՝ Մաքսային միությանը միանալը որքանո՞վ կփակի ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դուռը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի համաձայնագրինը, որովհետև ըստ երևանյան քաղաքական գործիչների մեկնաբանությունների, եթե ո՛չ Ասոցացման համաձայնագիրը, ապա գոնե Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը հակասում է, Մաքսային միության կանոնադրությանը։

- Քանի որ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության կողմից մշակված oրենսդրական ձևաչափ է, մենք իրավասու չենք մեկնաբանել, թե Հայաստանի` եվրասիական Մաքսային միությանը անդամակցելու որոշումը ինչ առանձնահատուկ ազդեցություն կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ:

-Մեկնաբանություններ են հնչել, որ սա շանտաժ է Ռուսաստանի կողմից, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղեք Հայաստանի ընտրված ղեկավարությանը: Ինչպես բազմաթիվ առիթներով նշել եմ` Հայաստանն իմ գնահատմամբ հաջողակի դիրքերում է հայտնվում այն ժամանակ, երբ ապահովում է ընտրության լայն հնարավորություններ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում:

– Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայաստանյան այցի ժամանակ ասել էր, որ Արևելյան գործընկերությունը Հայաստանի առաջ ընտրության հարց չի դրել։ Ապա ավելացրել էր, որ տարրական համատեղելիություն է պետք ստեղծել, որպեսզի ԵՄ-ն և Եվրասիան կարողանան ազատ առևտրի գոտի ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։ Ուստի հարց է առաջանում Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ որոշումը, ինչո՞ւ է անակնկալի բերել ԵՄ-ի պաշտոնյաներին։

- Ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները կունենան որոշակի կարծիքներ վերջին զարգացումների առնչությամբ: Բայց ավելի լավ է` խոսեք նրանց հետ: Կարծում եմ, որ արձագանքներն ու հույզերը կարող են իրենց վերելքին հասնել, երբ այսքան մարդիկ բավականին ժամանակ ու միջոցներ են ներդրել համաձայնագրի համար:

No comments:

Post a Comment