ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների, բուխարի (կամին) են տեղադրում: ԱԺ նախագահը, թերևս պատրաստվում է 5-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին, այլ կերպ ինչպե՞ս մտորել այս փուլում երկրի առջև ծառացած ճակատագրական խնդիրների մասին, եթե ոչ բուխարու կողքը նստած, մեկ գավաթ կոնյակը ձեռքին: Սա, սակայն, նորամուծության ռոմանտիկ բացատրությունն է, մինչդեռ այն կարող է ունենալ ավելի ռեալ, չոր հաշվարկի վրա հիմնված բացատրություն: Մասնավորապես, բուխարի ունենալով և փայտ վառելով ԱԺ նախագահը կարող է ձմոանը տաքանալ ավելի էժան, քան դա կաներ բարձրացած սակագնով գազ վառելու դեպքում:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանը համատեղում է հաճելին և օգտակարը՝ ռոմանտիկ մթնոլորտ գումարած լուրջ խնայողություններ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը երեկ մեր թղթակցի հարցին ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի աշխատասենյակում բուխարի է տեղադրվում, պատասխանել է. «ԱԺ նախագահի սենյակը չի վերանորոգվում»: Նա հայտնել է, որ ներկայումս վերանորոգվում է խորհրդակցական սենյակը, իսկ թե արդյոք բուխարին այնտեղ է տեղադրվում չի մանրամասնել: Թեև մեծ հաշվով ոչ մի տարբերություն՝ աշխատասենյակում, թե խորհրդակցական սենյակում: Ավելին, խորհրդակցական սենյակն ավելի մեծ է, ուստի փայտ վառելն ավելի ձեռնտու»,-գրում է պարբերականը:
No comments:
Post a Comment