Popular Posts

Thursday, September 5, 2013

Հայ Ազգային Կոնգրեսն անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արված հայտարարությանը: 

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ: 

Հայաստանի համար ճակատագրական այս հարցերի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը չի եղել թափանցիկ, համաձայնությունների և պայմանագրերի էությունը և հիմնավորումները գաղտնի են պահվել և չեն քննարկվել Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակայնության հետ ոչ՛ Ազգային Ժողովում, ոչ՛ հանրային բանավեճի որևէ այլ ձևաչափում, և Սերժ Սարգսյանի կողմից կայացվել են ստվերային քաղաքական առևտրի և խաղադրույքների վրա հիմնված միանձնյա որոշումներ:

Ոչ հրապարակային, կամայական և ոչ-կոմպետենտ այս քաղաքականության հետևանքով Եվրոպական Միության և Ռւսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն և լարվածություն, և նրանց հետ ինտեգրացիոն գործընթացները համագործակցության դաշտից տեղափոխվել են Հայաստանի համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատային մրցակցության և երկրի նկատմամբ բանեցվող ճնշումների դաշտ:

Պաշտոնական Երևանի իրարամերժ, փոփոխական, անսկզբունքային և անհետևողական հայտարարությունների և քայլերի պատճառով Հայաստանը հայտնվել է ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում և ոչնչացրել է միջազգային ասպարեզում (հավասարապես թե Ռուսաստանում, թե Արևմուտքում) վստահելի և կանխատեսելի գործըներոջ վարկը, առաջացնելով աննախադեպ սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգի համար:

Կատարվածի մեջ բացարձակապես չպետք է մեղադրել ոչ Եվրոպական Միությանը, ոչ էլ Ռուսաստանին: Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը, որն այդպես էլ չհասկացավ քաղաքականության և կազինոյի տարբերությունը:

Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է մնալ հավասարակշռված արտաքին քաղաքականության և փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների կողմնակից, և վստահ է, որ Հայաստանի միջազգային վարկի վերականգնումը և բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների շարունակականությունն անհնարին է Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության պահպանման պայմաններում և կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին միավորվել ոչ օրինակարգ իշխանության հեռացման և ազգային շահերը պաշտպանող իշխանության ձևավորման նպատակի շուրջ, ինչը վստահաբար դրական ազդեցություն կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների որակի վրա»:

No comments:

Post a Comment