Մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված «Հեղինակային իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում լրատվական դաշտում առկա գրագողությունը կանխելու նկատառումով: Այն իմաստով, որ առաջին անգամ նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի վերարտադրվող տեքստը և ինչպիսին չպետք է լինի:
Tert.am–ին օրենքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը (համահեղինակներն են` Դավիթ Հարությունյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, և այլք) ասաց, որ հարցը, այնուամենայնիվ, չի դադարում էթիկական տիրույթում մնալուց:
Ըստ պատգամավորի՝ որևէ հեծանիվ չեն հորինել, պարզապես այս օրենքով փորձում են սահմանել խաղի միասնական կանոններ: Կոնկրետ առաջարկվում է, որ (խոսքը հղումով վերարտադրության մասին է), անկախ նրանից՝ նյութը վերարտադրող կայքը ամբողջական՝ հիպերլինկով հղում տալի՞ս է թե ոչ, ամբողջական վերարտադրություն չի թույլատրվում:
«Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ չափով և ծավալով կատարել վերարտադրությունը և այստեղ օրենսդիրը՝ մենք օգտագործել ենք մի եզրույթ, որը նորություն չի հայկական օրենսդրության մեջ և ոչ էլ նորություն է միջազգային կոնվենցիաներում: Խոսքը վերաբերում է «նպատակն արդարացնող ծավալ» եզրույթին»,- մեկնաբանեց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ այս բառերը ևս կան գործող օրենքում, սակայն, ի տարբերություն, այս օրենքի նախագծում փորձ է արվում բացատրել՝ «նպատակն արդարացնող ծավալ»-ը:
Օրենքում «նպատակն արդարացվող ծավալ է դիտարկվում», եթե նյութի տպագրման անհրաժեշտությունը պահպանվում է, թողնելով շարունակությունը, հնարավորություն տալով ընթերցողին շարունակությունը կարդալ նյութի սկզբնաղբյուրի մոտ:
«Եթե ես վերարտադրում եմ և նյութի բուն էությունը ես փոխանցում եմ, ապա այլևս կարիք չկա, որ ես գնամ կարդամ սկզբնաղբյուրը: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է բարեխղճության գաղափարը: Հիմա, տեսեք, ինչ իրավիճակ է, ուրեմն՝ նյութի 90 տոկոսը ամբողջությամբ վերարտադրվում է երկրորդ-երրորդ-չորրորդ կայքում, տակը դրվում է հղում՝ շարունակությունը՝ այստեղ: Եվ երբ մտնում ես «այստեղ» հղումով, դու տեսնում ես, որ կլինի դա հարցազրույց, թե այլ նյութ, ըստ էության, մնացած է մնում երկու նախադասություն»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նման դեպքերից մեկ-երկու անգամ հետո առհասարակ «այստեղ» հղումով մտնելու անհրաժեշտությունը կորում է:
Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, մի շարք լրատվամիջոցներ անհրաժեշտ էին համարել հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:
Դրանք, ըստ էության,գրեթե նույնն են, ինչ կարգավորող օրենքի նախագծում: Այն է՝ ցանկացած կայքից որևէ նյութ տեղադրելիս պարտադիր պետք է վերնագրում գրել կայքի անունը՝ լատինատառ տարբերակով, չի թույլատրվում վերարտադրել հրապարակված նյութի ամբողջ բովանդակությունը, իսկ վերնագիրը՝ նույնությամբ տեղադրել, պարտադիր պետք է վերարտադրված նյութի սկզբում տեղադրել սկզբնաղբյուր հանդիսացող լրատվամիջոցի հիպերլինկը և այլն: Հայտարարությանը միացել էին հետևյալ կայքերը։
1. www.aravot.am
2. www.armlur.am
3. www.armversion.am
4. www.asekose.am
5. www.galatv.am
6. www.haynews.am
7. www.irates.am
8. www.panorama.am
9. www.report.am
10. www.shamshyan.com
11. www.tert.am
12. www.times.am
13. www.yerkir.am
14. www.168.am
15. www.1lur.am
No comments:
Post a Comment