Popular Posts

Wednesday, September 4, 2013

Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին


Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին՝ «ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով: 

Հրամանագրով, որի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում, հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը, գործունեության կարգը:

Հանձնաժողովը կղեկավարի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, հանձնաժողովում ընդգրկված են Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանի նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանը, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GTZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը:

Հանձնաժողովը մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը նախագահին է ներկայացնելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին նախագահի կողմից հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, նախագահին է ներկայացնելու իր կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար է նշանակվել Հայաստանի նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը:


Եթե ուշադիր նայենք անդամների ցանկին, կտեսնենք, որ նույն մարդիկ, ովքեր հիմնականում միշտ եղել են իշխանության մեջ, կամ ներկայումս հանդիսանում են իշխանության, ընդգրկված են այնտեղ: Որոշ հասարակական կազմակերպություններից անդամներ են նշանակվել, որոնք ժողովրդի աչքին թոզ փչելու համար են, քանի որ լավատեղյակ մարդիկ միանգամից կնկատեն այս պարզ խաղը: Եվ այսպես, ովքեր են անդամները:
1. Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան, անկախության տարիներից ունի բարձր պաշտոններ իսկ որպես ՍԴ նախագահ միշտ կատարել է անօրինական ընտրությունները օրինականացնելու փորձեր, օրինական իմիտացիա ապահովելու գործառույթ: Բնականաբար, որպես հանձնաժաղովի նախագահ ապահովելու է Սերժի նախագծերի կյանքի կոչումը, որևէ առնչություն չունի Նախագահի հրամանագրի մեջ նշված մեծ մեծ ձևակերպումների հետ, այսինքնէ որևէ կերպ չի ապահովելու «իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործումը, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովումը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացումը:

2. Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան, տարիներով եղել է իշխանության մաս, արդարադատության նախարար, պատգամավոր, Հյուսիսային պողոտայի նախագծի գլխավոր իրավաբան, իր եղբոր և նրա իրավաբանական գրասենյակի հետ միասին, որի արդյունքնում ՀՀ միլիոնավոր եվրոների դատավճիռներ է վճարում տարիների ընթացքում: 2005թ Սահմանադրական փոփոխությունների մասնակից:

3. Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան, ներկայիս իշխանության մաս, իր գործունեությամբ ապացուցել է, որ կոսմետիկ և ձևական բարեփոխումներից այն կողմ իրավասու չէ և չի կարող գնալ, հակիրճ ասած, մեկ այլ տեսակի ՍԴ նախագահ.

4. Հայաստանի նախագահի օգնական Գեորգի Կուտոյան, բնականաբար Սերժի մարդը հանձնաժողովում, օժտված չէ որևէ իրավունակությամբ կամ գործունակությամբ որպես հանձնաժողովի անդամ հանդես գալու համար, և չի էլ կարող օժտված լինել:

5. Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյան, նույն վերլուծությունը

6. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյան, կարծում եմ ավելորդ է նշվել այս անձնավորության մասին, քանի որ բոլորն են տեղյակ նրա գործունեությունից որպես զին դատախազ - Սյունիքի մարզպետի և զոհված զինծառայողների մասով, նույն վերլուծությունն ամբողջությամբ կիրառելի է նաև այստեղ 

7. «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյան, այս և սրա նման հասարակական կազմակերպությունները ստեղծված են պետական նախագծերում կոսմետիկ միջավայր և հասարակության մասնակցության շղարշ ստեղծելու համար:  Գագիկ Ղազինյան ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանն է շուրջ 15 տարի, և բոլորին է հայտնի ԵՊՀ իր կաշառակերությամբ և հատկապես իրավաբանական ֆակուլտետը իր վարկանիշով:

8. «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյան, նույն վերլուծություննը կիրառելի է այստեղ, ինչ 7-րդ կետում, ձևական հասարակական կազմակերպություն, որը դուստր կազմակերպության դեր է խաղում ժողովրդի և եվրոպայի աչքերին թոզ փչելու համար: Գևորգ Դանիելյան երկար տարիներ աշխատել է գլխավոր դատախազությունում որպես բաժնի պետ, հետո եղել արդարդատության նախարար, իսկ հիմա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգնական կամ խորհրդականն է: 

9. Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GTZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյան, միակ ոչ պաշտոնյա անձնավորությունը, սակայն հաշվի առնելով այն փաստը որ ներկայիս արդարդատաության նախարար Հրայր Թովմասյանը ևս աշխատել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GTZ) , հավանաբար նրա կոլեգան է կամ ընկերը, որը էական դեր չի խաղալու հայ ազգի շահերը պաշտպանելու հարցում:

Իսկ ումից է պետք պաշտպանել հայ ազգի շահերը: Բոլորիս է հայտնի- Ներկայիս նախագահիս ու իշխանությունից: ինչպես 2005 թ Քոչարյանը փոփոխեց սահմանադրությունը որ ինքը լինի անձեռնմխելի, իսկ ներկայացվեց թե համակարգային բաներ փոխվեցին, այնպես էլ այս անգամ է արվելու, ուղակի Սերժը ունենալով Քոչարյանի փորձը արդեն հավանաբար թույլ չի տա որ իրեն քցեն, ինքն իրեն վարչապետ կնշանակի, սահմանադրությունը կփոխի ու նոր կհեռանա նախագահի պաշտոնից: 

Կարճ լինելու համար - հետևյալը պետք է նկատի առնել, բացի ժողովրդից, ուրիշ ոչ մեկ իշխանությունում իր հոգսերով չի ապրում, իսկ այս վիճակին կարելի է վերջ դնել միայն իշխանափոխությամբ, Սահմանադրական փոփոխությունները դրա լավագույն ժամանակն են, ուստի առաջարկում եմ համախմբվել ու մշակել Սահմանադրության այլընտրանքային նախագիծ՝ սահմանափակել Նախագահի և վարչապետի լիազորությունները, ընդլայնել ԱԺ լիազորությունները, անցնել 100 տոկոս համամասնականի, և ներմուծել ժողովրդի կողմից հանրաքվեներ նախաձեռնելու իրավունքը: 

Շուտով կստեղծենք Ֆեյսբուքյան խումբ Սահմանադրության այլընտրանքային նախագիծ, և բոլոր համակիրներին կխնդրեմ միանալ, մասնակցել քննարկումներին ու հետևել զարգացումներին:

Այս անգամ եկեք մեր ճանապարհով տանենք Հայաստանը: 


No comments:

Post a Comment