Popular Posts

Sunday, September 1, 2013

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ներկայացուցիչները այսօր ևս բողոքի ակցիա են իրականացնում Փակ շուկայի տարածքում:
Նրանք պահանջում են անմիջապես դադարեցնել շինարարությունը Փակ շուկայում և մշակութային արժեքը վերադարձնել հանրությանը: Մինչ ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ տարածք, մի խումբ կանայք, ովքեր ներկայանում են որպես թաղամասի բնակիչներ, հարձակվել են ակցիայի մասնակիցներից մեկի վրա, պատռել նրա ձեռքում գտնվող պաստառը և հարվածել նրա անչափահաս երեխային: Քաղաքացին այդ մասին հրապարակավ հայտարարել է, և ոստիկանության աշխատակիցները նրան հրավիրել են բաժանմունք՝ ցուցմունք տալու:
Այս պահին ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մտնել շենք: Հակառակ կողմում հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր հայտարարում են, որ իրենք կողմ են, որ շուկան բացվի, քանի որ իրենց վստահեցրել են, որ կառույցի շահագործման հանձնելուց հետո իրենք աշխատելու են այդտեղ:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը նշել է, որ այդ կանայք բավականին ագրեսիվ են և փաստորեն իրենց՝ ակտիվիստների դեմ են պայքարում:
Այստեղ է գտնվում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով քաղաքացիական հագուստով է և ըստ էության հանդարտության որևէ կոչ չի անում:
Ակտիվիստների դեմ պայքարող կանայք գոռում են ակցիայի մասնակիցների վրա և պահանջում նրանց հեռանալ տարածքից. «Ի՞նչ եք ուզում, գնացե՛ք այստեղից, հուշարձանը որ մնաց, մեզ հաց չի տալու»,- ասում են նրանք:
Մինչդեռ ակցիայի մասնակիցները իրենց հերթին կոչ են անում հավաքվածներին օլիգարխի շահերը չպաշտպանել և չխանգարել, որպեսզի հանրային տարածքը վերադարձվի հանրությանը:

Այս պահին էլ տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այն քաղաքացիները, ովքեր կողմ են, որ բացվի շուկան, շարունակում են վիրավորել ակտիվիստներին: Նրանք վանկարկում են. «Հեռացե՛ք», իսկ շարժման անդամները, դիմելով ակցիայի մասնակիցներին, հորդորում են նրանց չտրվել սադրանքների, չարձագանքել նրանց: Ակտիվիստները Փակ շուկայի տարածք են հրավիրում Երեւանի քաղաքապետին եւ մշակույթի նախարարին, որպեսզի նրանք թույլ չտան, որ շարունակվի ապօրինությունը: 
ԳԱԼԱ-ի լրագրողը Վալերի Օսիպյանին հարցրել է, թե ինչու ոստիկանները չեն կարողանում պահպանել հասարակական կարգը, քանի որ կանայք բավականին ագրեսիվ են, կա նաեւ տուժած: Օսիպյանն արձագանքել է. «Ո՞վ ասաց լավ չի պահպանվում հասարակական կարգը: Եթե ինչ-որ մեկը հարձակվել է բնակչի վրա, մենք ունենք ոստիկանական բաժանմունք»: Ինչ վերաբերվում է նրանց ագրեսիվությանը, Օսիպյանի կարծիքով աղմուկի պատճառով քաղաքացիները ստիպված են բարձր խոսել: 

No comments:

Post a Comment