«Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը «լկտի սուտ է» որակում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը , որ «մազութի» գործ չի եղել (քրեական գործ -Tert.am):
««Մազութի գործով» ես դիմել եմ դատախազություն՝ այդ տարվա չարաշահումների գործով։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել այդ ուղղությամբ, ինձ շնորհակալություն է հայտնել պաշտոնական, որ ես էդ գործը հարուցել եմ: Եվ դատախազությունը էդ գործի հետ կապված 3, 5 միլիոն դոլարի հետգանձումներ է բերել»,- Tert.am-ին ասաց Արշակ Սադոյանը և ավելացրեց. «Հրանտ Բագրատյանը հերթական բացարձակ լկտի սուտն է ասում»:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր «168 ժամ»-ը, երբ ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հիշատակել է «Մազութի հանձնաժողովի» մասին Հրանտ Բագրատյանը միանգամից արձագանքել է. «Ոչ մի մազութի գործ էլ չի եղել, որ Արշակ Սադոյանն ինքն է դատախազությունում ասել, որ լափած մազութի մասին խոսելով՝ ընդամենը կատակել է ու ավելացրել «Իրենց սրած բիզը մտավ իրենց...»։
Ի պատասխան հարցի, թե 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի յուրացման կամ վատնման մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներով ովքե՞ր են մեղադրվել, նկատեց. «Բազմաթիվ մարդիկ մեղադրվել են դրա համար: Օրինակ՝ Հրազդանի ՋԷԿ-ի պետը: Ընդ որում, ես էդ առթիվ ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ երբ մենք խոշոր շնաձկների մասին ենք խոսում, բայց մեղադրվում են փոքրիկ ձկները, այն դեպքում, երբ ես հայտարարել եմ, որ 205 000 տոննա մազութ Հայաստան չի մտել, այլ «լափվել է իշխանավորների» կողմից՝ կիսվելով Ռուսաստանի հետ: Նույնիսկ Վազգեն Սարգսյանը մի անգամ ինձ ասաց. «Յոթ երգ գիտես, յոթն էլ նույն բանի մասին է՝ մազութի»:
Արշակ Սադոյանը հավելեց, որ իրեն հենց Վազգեն Սարգսյանը՝ նախկին վարչապետն է առաջարկել «մազութի գործով» դիմել դատախազություն:
Tert.am-ին չհաջողվեց Գլխավոր դատախազությունից այս մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն համացանցում գտանք 2000 թվականի ԱԺ աշխատանքների մի սղագրություն, որը վերաբերում է 1992-99 թթ ընթացքում «Մազութի հանձնաժողովի», (պաշտոնական անվանում էր՝ Էներգակիրների ներկրման արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով) միջանկյալ հաղորդմանը:
Այդ հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը անդրադառնալով մազութի ձեռքբերման և ներկրմանը, նշել է, որ իրենց գործունեության ընթացքում ունեցել է որոշակի դժվարություններ՝ կապված փաստաթղթերի ձեռքբերման հետ, ինչն էլ ըստ Դավիթ Լոքյանի «պարապուրդ» է առաջ բերել աշխատանքներում:
Ըստ Դ. Լոքյանի՝ հանձնաժողովը Ֆինանսների նախարարության, «Արմկոնտրակտ» ձեռնարկության , Կենտրոնական բանկի, «Հայաստան» հիմնադրամի հետ դժվարություններ է ունեցել, որոնց փաստաթղթերի որոշակի մասը ոչնչացված է եղել:
Ի վերջո, «լափված մազութի» մասին բառացիորեն ասվել էր հետևյալը. «Որպեսզի մենք յուրաքանչյուր տարվա համար առանձին նշենք ՀՀ նախատեսվող էներգակիրների ներկրման չափը և իրական ներկրված չափը, որպեսզի այդ տարբերությունների արդյունքում տեսանելի լինի այն հիմնական զանգվածը, որը չի մտել ՀՀ, նորից եմ կրկնում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որի արդյունքում մենք ունեցել ենք 1992-96 թվերի ժամանակահատվածը»:
Նշենք, որ համացանցում համապատասխան՝ «որոնում» բառը տալով գտանք «Չորրորդ իշխանություն» թերթի 2004 թվականի արխիվացված մի հոդված, որում տեղեկացվում էր, որ Դավիթ Լոքյանի ղեկավարությամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովի զեկույցում «մազութի գործով», բացի Հրազդանի ՊՇԷԿ-ի տնօրեն Մարատ Մարտիրոսյանի, որևէ այլ անուն չի հիշատակվում, ով էլ ըստ «ՉԻ.»-ի՝ ձերբակալվել է միանգամայն այլ գործով:
«Ուշագրավ է, որ ավելի ուշ նա ոչ միայն ազատ արձակվեց, այլև 2003-ին հայտնվեց ՀՅԴ նախընտրական ցուցակում»
No comments:
Post a Comment