Popular Posts

Saturday, September 7, 2013

Այսօր ձերբակալվել է  Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող  չարաշահումների  գործի շրջանակում:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Նա կասկածվում է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ:
Ավելի վաղ ձերբակալվել էր  Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի  տեղակալ Գագիկ Խաչատրյանը, իսկ  մյուս տեղակալի`   Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 
 
Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության,  դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը:  Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք,  ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը»  գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ: 
 
Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: 
 
Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և  314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
  
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և  314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 
 
Իսկ Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 314-րդ հոդվածներով` կեղծիքի համար: Ըստ մեր ունեցած տեղեկությունների,  Արմեն Միրզոյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ-ի փետրվարի 1-ից մինչև 2013թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ավագ դատական կարգադրիչի պաշտոնում նշանակված Հրանտ Դավթյանին չի ներգրավել ծառայության մեջ, ազատել է պարտականությունները  կատարելուց: Բայց նրա աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցրել է, կատատարել պաշտոնեական կեղծիք և, ներկայացնելով կեղծ տեղեկագրեր, հափշտակել նրա աշխատավարձը՝ ավելի քան 1,5 մլն   դրամ: Մեղադրյալների թվում է նաև Արաբկիրի դատական կարգադրիչների պետ Սամվել Ալեքսանյանը:
- See more at: http://www.pastinfo.am/node/22354#sthash.YImK9KOu.dpuf

No comments:

Post a Comment