Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ արցախյան մի խումբ ազատամարտիկների հերթական հանրահավաքը: Հանրահավաքի վարող Սուրեն Սարգսյանը հենց սկզբում հայտարարեց, թե այս հանրահավաքը կանցկացնեն «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ:
Իսկ իր խոսքում Սուրեն Սարգսյանն անդրադարձավ երեկ Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: «Սերժ Սարգսյանը նստած էր Պուտինի կողքին հենց նոր փայտով ծեծածի տեսքով, իսկ Պուտինը բարկացած ու արհամարհանքով նայում էր Հայաստանի նախագահի վրա, ասել է թե՝ նա հասկացել էր, որ Սերժ Սարգսյանը փորձում է կրկնակի խաղ խաղալ: Կարծես ասում էր՝ «դե հիմա բարձրաձայն ասա»: Բացառված չէ, որ վաղը նույն կերպ կվարվեն մեզ հետ Եվրոպան ու Ամերիկաները»,-ասաց նա:
Հենց այս տեսակետից ելնելով Սուրեն Սարգսյանը բարձրացրեց լեգիտիմ նախագահ ունենալու անհրաժեշտությունը և նշեց, որ նույն նախագահը ձայները կեղծելով է այսօր վերընտրվել: «Անկախ նրանից՝ նախագահի որոշումը բխու՞մ է Հայաստանի շահերից, թե ոչ, հայտարարում եմ, որ հայ ժողովրդին Սերժ Սարգսյանի նման նախագահ պետք չէ: Մենք պետք է արդար ընտրված նախագահ ունենանք, ում թշերը չեն կճմտի, փափուկ տեղերը չեն դաղի և ով կունենա ժողովրդի քվեն ու աշխարհի բոլոր ծայրերում իրավունք կունենա արտահայտել հայ ժողովրդի կամքը»,-ասաց նա:
Ազատամարտիկների այսօրվա հանրահավաքի երկու հիմնական թեմաների՝ Մաքսային միությանն անդամակցման և աշխարհազորի ստեղծման հարցերի մասին տեսակետներ հայտնեցին Երվանդ Մանարյանը, Աշոտ Մանուչարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Աբգար Ափինյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, իր ելույթում անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու հարցին, ասաց. «Երեկվա որոշումը, ցավոք սրտի, չի ուրախացնում մեզ, որովհետև դա հոգով չի արված, այլ պարտադրանքի ձևով, կզված մարդու վիճակ է դա, ամոթ է այդ վիճակում հայտնվելը, մեզ մի բան է մնում՝ կարողանանք մեր մեջքն ուղղել: Ես այդպես եմ կարծում, և ես կզվողներից չեմ»:
Հանրահավաքին միացավ նաև Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ով հայտարարեց, որ Երևանի գրողների միությունը միանում է ազատամարտիկների քայլին՝ աշխարհազոր ստեղծելու գաղափարին: «Մտնելով աշխարհազորի մեջ՝ մենք կաշխատենք արդյունքներ արձանագրել ամեն շաբաթ, արձանագրելու ենք ժողովրդական մեկ հաղթանակ:
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նույնպես խոսեց Մաքսային միության մասին. «Մենք տեսել ենք երկու Ռուսաստան, Ռուսաստանը կարող է լինել և դաշնակից, և հակառակորդ, ամեն ինչ կախված է Հայաստանի կեցվածքից»:
Նրա խոսքով՝ մի ձև կա Հայաստանի բոլոր փոսերի հարցը լուծելու համար. «Դա այն է, որ երբ ժողովուրդը հավաքվում է այստեղ, միասնական ուժ կազմի նա, ով հիմա մասնատած երեխաներին տանում է այստեղ, այնտեղ, չի հասկանում, իսկ մենք պետք է հասկանանք, որ բարդագույն վիճակում ենք, այսպիսի բարդ վիճակ չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին Ստեփանակերտից 20 կմ հեռավորության վրա էր գտնվում»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես չշրջանցեց այդ թեման. «Այդքանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին այլ բան չէր մնում, քան պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, սա անթույլատրելի իրավիճակ է մեզ համար, այդպիսի միությունները ոչ թե օգնում, այլ ավելի մեծ վնաս են տալիս»:
Նա հայտարարեց, որ իրենք ամբողջովին աջակցում ենք ազատամարտիկների՝ կլոր սեղան հրավիրելու գաղափարը. «Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կոչ եմ անում մնացած քաղաքական ուժերին, ազատամարտիկները, ովքեր մեր պետության ողնաշարն են, գոնե իրենց կոչին հետևեք»:
Աշխարհազոր ստեղծելու մասին նա ասաց, որ պատահական չէ, որ ազատամարտիկներն այսօր նման հայտարարությամբ են հանդես գալիս. «Մենք միանում ենք նաև այդ գաղափարին: Աշխարհազոր, որտեղ հավասար իրավունքներով մասնակցում են բոլորը, դա ընդունելի գաղափար է և օր առաջ պետք է կյանքի կոչել: Բոլորը պետք է մասնակցեն պայքարին, դրա հաջողության դեպքում մենք բոլորս դառնալու ենք գեներալներ, ուստի ողջունելով ազատամարտիկների առաջ քաշած գաղափարները՝ մենք միասին փորձելու ենք իրավիճակը փոխել: Թեև հանրահավաքից հանրահավաք մեր թիվը չի շատանում, բայց մարդիկ են փոխվում»:
Վերջում Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Սիրելի ազատամարտիկներ, մենք պատրաստ ենք ձեզ հետ ճանապարհ անցնել, պատրաստ ենք ձեզ հետ պայքարել»:
No comments:
Post a Comment