Popular Posts

Friday, September 13, 2013

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խիստ քննադատության է ենթարկել Բաքվին, քանի որ վերջինս անսպասելիորեն արգելել է ամերիկյան դիտորդական առաքելությանն այցելել Ադրբեջան՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստություններին հետևելու համար։

Ինչպես հայտնում է asbarez.com կայքը, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակն այս կապակցությամբ ասել է, որ ամերիկյան կողմի նախընտրական այցը հանկարծակի չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի կառավարության որոշմամբ։ Խոսնակն ընդգծել է, որ կառավարությունն այդ քայլի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Վաշինգտոնի  թղթակից Հայկարամ Նահապետյանը հարցում է ուղարկել Պետդեպ, որի պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«ԱՄՆ-ն իր խորին ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը խոչընդոտել է ամերիկյան պատվիրակության մուտքը երկիր, ինչի հետևանքով պաշտոնական նախընտրական այցը տեղի չի ունենա։ Ադրբեջանի կառավարության գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում այն մթնոլորտի վերաբերյալ, որը տիրելու է հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ապահովել ազատ ու արդար ընտրական գործընթաց, որը կարտացոլեր ժողովրդի կամքը»։ 

No comments:

Post a Comment