Popular Posts

Monday, September 2, 2013

Այսօր հատկանշական բան կատարվեց Երեւանի Փակ շուկայի մոտ: Այստեղ սպասվում էր ի պաշտպանություն այդ հուշարձանի ակցիա, եւ ԱԺ պատգամավոր ու շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը որոշել էր «կանխարգելիչ» քայլ անել. Նա իր ձեռնարկություններից ու թաղից հավաքել էր կոնտինգենտ եւ բերել Մաշտոցի պողոտա՝ կոնտր-ակցիայի: Այն բավական ճոխ է ստացվել՝ «հաստիքային» կանայք, Մալաթիայի խաժամուժ, պատահական մարդիկ, տաքսիով բերված «ակտիվիստներ», որոնց տեղում են բացատրել իրենց առաքելությունը:
Քաղաքացիական շարժման մասնակիցները հետաքրքիր քայլ են կատարել՝ նրանք չեն ժամանել շուկայի մոտ, Սամվել Ալեքսանյանին մենակ թողնելով իր կոնտինգենտի հետ: Եւ մինչ այս կոնտինգենտը ցույց է անում, Սամվել Ալեքսանյանը հայտնվել է հիմար վիճակում:
Նա փորձել է ծաղրել քաղաքացիական շարժումը, սակայն ինքն է դարձել ծիծաղի առարկա: Հիմա նա ստիպված է օրը 24 ժամ Մաշտոցի պողոտայում մարդ ապահովել: Քաղաքացիական ակտիվիստները միշտ լինելու են մոտակայքում, միշտ: Նրանք կարող են օրերով չհայտնվել շուկայի մոտ, սակայն Սամվել Ալեքսանյանը հասկացել է, որ նրանք կարող են հայտնվել ամեն պահի: Շուկան/սուպերմարկետը բացելուց հետո նա ստիպված է լինելու ոչ միայն ոստիկաններ պահել այդտեղ, այլ իրեն հավատարիմ խաժամուժ: Այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանների եւ նույնիսկ խաժամուժի մեջ արթնանա մարդկային արժանապատվությունը:
Երեւանը եռում է, երեւանցիները վերջապես թոթափել են իշխանա-կուսակցական լուծը եւ ձեռնամուխ եղել սեփական քաղաքի պաշտպանությանը «նվաճողներից»: Իր ընկերոջ՝ Ռուբեն Հայրապետյանի օրինակը Սամվել Ալեքսանյանի համար չդարձավ «զիմաստություն եւ զխրատ», եւ դրա համար էլ նա Մաշտոցի պողոտայում, եւ ընդհանրապես Երեւանում մշտապես լինելու է խորթ ու օտար ու բոյկոտվելու է: Ինչպես Նեմեց Ռուբոն Ավանում, որի Հարսնաքար ռեստորանն արդեն ոչ ոք չի այցելում, իսկ այցելողներն էլ ենթարկվում են հանրային արդարացի պարսավանքի:
Երեւանը վերջապես շարժվել է տեղից, եւ ամեն մեկին աստիճանաբար դնելու է իր տեղը, իսկական տեղը: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/87647#sthash.UaDlgb4m.h3LYulA0.dpuf

No comments:

Post a Comment