Popular Posts

Wednesday, September 4, 2013

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վաղը շտապ Բրյուսել է մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան Բրյուսել են կանչել Եվրամիության պաշտոնյաները՝ բացատրություն տալու, թե ինչ է նշանակում երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե «Հայաստանը ցանկություն ունի միանալ Մաքսային միությանը»:

«Առաջին լրատվական»-ը փորձեց արտգործնախարարության լրատվական ծառայությունից ճշտել՝ իսկապե՞ս Է. Նալբանդյանը վաղը մեկնելու է Բրյուսել, պատասխանեցին՝ «նախարարի այցերի մասին հայտնում ենք պատշաճ ժամկետներում»:

Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանի հայտարարության հետ կապված եվրոպական բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարություններ արեցին, թե իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցացման համաձայնագրին ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Հիշեցնենք, որ նոյեմբերին Հայաստանը նախատեսում էր Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո այդ գործընթացը կարող է ձախողվել: Եվ ահա, ԵՄ պաշտոնյաները հավանաբար ցանկանում են բացատրություններ ստանալ Է. Նալբանդյանից: «Մենք հայկական կողմից բացատրություն ենք սպասում, որից հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը:

Մեր տեղեկություններով՝ այսօր այդ հարցերը քննարկելու համար արդեն Բրյուսել է մեկնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վաղը Բրյուսել են մեկնում նաև ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրանք մեկնում են ԵԺԿ քաղաքական վեհաժողովին մասնակցելու պատրվակով, բայց ԵՄ պաշտոնյաների մոտ նույնպես քննարկելու են Հայաստանի՝ Մաքսային միությանը մասնակցելու պարագայում նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը:

No comments:

Post a Comment