Popular Posts

Saturday, June 9, 2012

Ապրանքների գները սահուն բարձրանում են



Ապրանքների մեծածախ գները, հատկապես փոքր եւ միջին խանութների համար, արդեն մեկ շաբաթից ավելի է` հետեւողականորեն շարունակում են բարձրանալ: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի` փոքր եւ միջին խանութներում անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ապրանքները մատակարարվում են 5-10 տոկոս բարձր գներով, ինչը, ըստ մատակարարների, պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Ասենք, կարագի տարբեր տեսակների մեծածախ գները բարձրացել են 6-10 տոկոսով, օրինակ` «Վալիո» տեսակի կարագի 200 գրամանոց տուփը նախկինում առեւտրի կետերը ստացել են 700 դրամով, այժմ` առաքվում է 770 դրամով, «Անքորի» տուփի մեծածախ գինը 630-ից դարձել է 670 դրամ: «Բջնիի» եւ «Ջերմուկ-գրուպի» 1 լիտրանոց հանքային ջուրը նախկինում առեւտրի կետերին առաքվել է 180 դրամով, այժմ` դարձել է 200 դրամ, եւ փոքր ու միջին խանութներում ստիպված են վաճառել 220 դրամով: Նախկինում, ասենք, 725 դրամով առաքվող մեկ լիտր ձեթի մեծածախ գինը դարձել է 740 դրամ:
Եփած եւ ապխտած երշիկների, ներմուծված շոկոլադների մեկ կիլոգրամի մեծածախ գները բարձրացել են միջինը 100 դրամով: Տեղական եւ ներկրվող մակարոնեղենի մեծածախ գինը բարձրացել է 5-10 տոկոսով, կենցաղային ապրանքներինը` 5 տոկոսով: Թանկացել է անգամ կեսլիտրանոց «Կոկա-կոլան», որի 12 հատանոց փաթեթը («բլոկը») փոքր խանութները նախկինում ստացել են 2400 դրամով (հատը` 200 դրամ), այժմ` առաքվում է 2600 դրամով: Ներկրվող սիգարետների մեծ մասի գները դեռեւս մեկ շաբաթ առաջ էին 3-5 տոկոսով բարձրացել: Ըստ գործարարների, թանկացումների այս փուլն առայժմ ազդել է միայն փոքր եւ միջին խանութների վրա, իսկ սուպերմարկետների պարագայում նման խնդիր դեռ գոյություն չունի, քանի որ մի դեպքում` հենց սուպերմարկետների տերերն են այս կամ այն ապրանքի ներկրողը, կամ էլ` ապրանքի մեծ ծավալների գնման հաշվին ներկրողները զեղչեր են կիրառում, որոնց արդյունքում գների բարձրացման խնդիր չի առաջանում:

No comments:

Post a Comment