Popular Posts

Thursday, June 14, 2012

Մանվել Գրիգորյանը,Գագիկ Ջհանգիրյանը, Մհեր Սեդրակյանը և Խաչատուր Քոքոբելյանը


5 –րդ գումարման Ազգային Ժողովի 12 մշտական հանձնաժողովներն արդեն ամբողջությամբ ձևավորված են, բացառությամբ հանձնաժողովների նախագահների տեղակալների:
Նախ նկատենք, որ նախկին՝ 4-րդ գումարման ԱԺ-ից նոր ԱԺ-ում վերընտրված պատգամավորները հիմնականում մնացել են իրենց նախկին հանձնաժողովներում, հետևաբար հետաքրքիր է դիտարկել, թե որ հանձնաժողովներում են ընդգրկվել 5-րդ գումարման ԱԺ-ի «նոր» պատգամավորները:

Այսպիսով, շուրջ 60 նորընտիր պատգամավորներից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում են ընդգրկվել նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն (ԲՀԿ) ու Ալեքսանդր Արզումանյանը («Ժառանգություն»), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Գուրգեն Արսենյանը (ԲՀԿ), Արտաշես Գեղամյանը (ՀՀԿ), Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Վահան Բաբայանը (ԲՀԿ), Համլետ Հարությունյանը (ՀՀԿ ): Նույն հանձնաժողովի կազմում որպես շարքային անդամ ընդգրկված է նաև 3-4-րդ գումարման ԱԺ-երում նույն հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ):
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն համարվում է ԱԺ մեծաթիվ հանձնաժողովներից մեկը, որում ընդգրկված է 15 պատգամավոր: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, որի տվյալները օրերս են թարմացվել:

Հավելենք, որ նորընտրի պատգամավորներից 49-ը խորհրդարան են մտել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, 7-ը՝ ՀԱԿ-ի, իսկ 3-ը՝ «Ժառանգության» համամասնական ցուցակներով: Իսկ անկուսակցական մեկ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանն էլ ընտրվել է Վանաձորից՝ մեծամասնական ընտրակարգով:

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովիկազմում ընդգրկված են ՀՀԿ ցուցակով խորհրդարանում ներկայացված «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը և «Ժառանգությունից» Խաչատուր Քոքոբելյանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն են՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Շուշան Պետրոսյանը, Կարինե Պողոսյանը, Հայկ Բաբուխանյանը, Արթուր Գևորգյանը (Դավիթաշենի նախկին թաղապետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան և Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդին), «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են ԲՀԿ-ականներ՝ Վահե Հովհաննիսյանն ու Աբրահամ Մանուկյանը:

ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում  առաջին անգամ ընտրված պատգամավորներ ընդգրկված չեն:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված են Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Հովհաննես Սոֆոյանը, Հայկ Գրիգորյանը, Նաիրա Կարապետյանը (ՀՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Արա Արամյանը (ԲՀԿ):

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված նորընտիր պատգամավորներն են՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը (ՀԺԿ նախագահ), ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանը, ով հանձնաժողովի նախագահն է, «Ժառանգություն»-ից Ալեքսանդր Արզումանյանը, Կարեն Բոթոյանը՝ ՕԵԿ-ից, Մարգարիտ Եսայանը՝ ՀՀԿ-ից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում են ընդգրկված Արփինե Հովհաննիսյանը,
Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ):

ՀՀ գլխավոր դատախազի եղբայր, Աջափնյակ համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը և հանրապետական Վրեժ Մարկոսյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանն ընդգրկված են ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Հանրապետականներ՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը և ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանն ընդգրկված են Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը և «Ժառանգություն» խմբակցությունից Խաչատուր Քոքոբելյանն ընդգրկված են միաժամանակ՝ ԱԺ տնտեսական և ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովներում:

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, հանրապետական Կարեն Կարապետյանը և ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն իրենց գործունեությունը կծավալեն ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովում, իսկ ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանը և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովում:

No comments:

Post a Comment