ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև փոխգործակցության հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կամփոփեն կատարված աշխատանքները, կքննարկեն համագործակցության ուղղություններն ու կոնկրետ ծրագրերի վերաբերյալ անելիքները:
Աղբյուրը նշում է, որ Արագածոտնի մարզը համագործակցում է Հադրութի շրջանի, Արմավիրի մարզը` Շուշիի շրջանի, Շիրակի մարզը` Ասկերանի շրջանի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը` Քաշաթաղի շրջանի, Տավուշի մարզը` Մարտակերտի շրջանի հետ:
Արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում:
No comments:
Post a Comment