Օրերս պաշտոնական այցով Բելգիա մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում ելույթ է ունեցել, ապա` պատասխանել հանդիպմանը ներկա եվրոպացի, թուրք եւ ադրբեջանցի քաղաքագետների եւ լրագրողների հարցերին:
Ու այդ հարցերին պատասխանելիս մեր վարչապետը սենսացիոն հայտարարություն է արել: Մեջբերենք ե՛ւ հարցը ե՛ւ պատասխանը ամբողջությամբ.
«- Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո՞ւ դա չի կիրառվում նաեւ Հայաստանում:
- Պատասխանը շատ պարզ է. որովհետեւ Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահանջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունները: Մենք բարեփոխումներ իրականացնելիս միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն եւ միգուցե` ավելի ցավոտ»:
- Պատասխանը շատ պարզ է. որովհետեւ Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահանջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունները: Մենք բարեփոխումներ իրականացնելիս միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն եւ միգուցե` ավելի ցավոտ»:
Հասկացա՞ք, թե ինչու մինչեւ հիմա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չի տարվում: Այն պարզ պատճառով, որ մենք մեր հարեւանների հետ վատ հարաբերություններ ունենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը չենք իրականացնում` հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը: Ա՛յ եթե, ասենք, Թուրքիայի հետ սահմանը բացվի` կաշառակեր նախարարներին կբռնենք, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի` կաշառակեր դատավորներին կբռնենք, հետո տեսնենք` Իրանի հետ ինչ է տեղի ունենում, ու արդեն կանցնենք կաշառակեր դատախազներին ու ոստիկաններին: Կոռուպցիայի դեմ պայքարը կավարտենք այն ժամանակ, երբ վերացվեն Հունաստանի ֆինանսական ճգնաժամի հետեւանքները. այդ ժամանակ կարելի է հարկային ու մաքսային վերնախավին բռնել: Իսկ եթե հիմա բռնենք, կստացվի, որ հեղափոխություն ենք անում, իսկ Տիգրան Սարգսյանը դեմ է հեղափոխական ճանապարհին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե վարչապետը հերթական, մեղմ ասած, տարակուսելի մտքերն է արտահայտել: Բայց` միայն առաջին հայացքից: Իրականում Տիգրան Սարգսյանը չափազանց ճիշտ է բնորոշել իրավիճակը: Եթե կոռուպցիայի դեմ իրական պայքար տարվի, ապա գործող իշխանության ամբողջ վերնախավը պիտի հայտնվի ճաղերի ետեւում, ու երկիրը մնա առանց գործող իշխանավորների: Այդ դեպքում իշխանության կգան ուրիշները, իսկ դա հեղափոխություն է նշանակում: Այնպես որ, ողջունելի եւ հարգանքի արժանի է վարչապետի այս անկեղծությունը: Ու քանի դեռ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ որ ամենակարեւորն է` Հունաստանի հարցերը լուծված չեն, եւ ոչ ոքի չենք կարող բռնել, ստիպված ենք առայժմ «ոտքներս կախ գցել»: Այսինքն, «կռուտիտներ» գտնել, ինչ-որ անիմաստ քայլեր անել, եւ դրա մասին էլ է վարչապետը խոսել Բրյուսելում. «Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, եւ եթե նրանք գործեն հրապարակային, հանրությունը նրանց վերահսկի, նրանց եկամուտները լինեն վերահսկելի, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Բացի դրանից, սրանով Հայաստանում վերանում է գործարարների կողմից այդ 500 պաշտոններն զբաղեցնելու ցանկությունը... Այս տարի առաջին անգամ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը պետք է վերահսկի այս պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերը: Այսօր կառավարության բոլոր անդամները, 131 պատգամավորները, դատավորները եւ դատախազները հրապարակային կերպով ներկայացրել են իրենց եկամուտների եւ ակտիվների վերաբերյալ հայտարարագրերը: Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է արձագանքել բոլոր դեպքերին, երբ հանրությունը տեսնի, որ հայտարարագրերը չեն համապատասխանում իրականությանը... Սրանով մենք առաջին անգամ զսպաշապիկ ենք հագցնում պաշտոնատար անձանց...»,- հարցերից մեկին ի պատասխան` ասել է վարչապետը: Զգում եք, չէ՞, ինչ խոր մտքեր են: Էթիկայի հանձնաժողովի մասին վարչապետը Հայաստանում աշխատում է չխոսել, որովհետեւ դա այստեղ միայն ծիծաղ է հարուցում: Բայց եվրոպացիները գուցեեւ հավատան: Հավատացին, չէ՞, որ Հայաստանում 2.7 միլիոն ընտրող կա, որոնցից 1.5 միլիոնը գնաց ընտրությունների, ու նրանց մեծամասնությունը ձայն տվեց այն նույն իշխանությանը, որի իշխանավարման ընթացքում Հայաստանը արձանագրեց տնտեսական շեշտակի անկում, աղքատության շեշտակի բարձրացում, արտաքին պարտքի եռապատկում եւ այլն: Եթե դրան հավատացել են, ինչո՞ւ չպետք է հավատան, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանում ընդամենը պետք է, որ պաշտոնյաները հրապարակեն իրենց ունեցվածքն ու եկամուտները: Դա` եվրոպացիները: Բայց մենք էլ հո գիտե՞նք, որ դրանով ընդամենը «ոտքներս կախ ենք գցում» ու սպասում, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, եւ նոր միայն պայքարենք կոռուպցիայի դեմ:
No comments:
Post a Comment