Թվում էր, թե անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է որոգևորիչ գործոն դառնային Սերժ Սարգսյանի ապագայի համար: Սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս:
Ավելի քան 44 տոոկս հավաքած քաղաքական ուժը համառորեն ցանկանում էր, որ ԲՀԿ-ն էլ մաս կազմի նոր կառավարության: Սակայն գործող նախագահին այդպես էլ չհաջողվեց Ծառուկյանին համոզել այս հարցում:
Ինչու՞ էր Սերժ Սարգսյանին անչափ անհրաժեշտ ԲՀԿ-ի աջակցությունը: Շատ պարզ- գործող նախագահը շատ լավ գիտեր, որ մայիսի 6-ին ստացած ավելի քան 600 հազար ձայները միայն թղթի վրա են: Իրական ձայները գտնվում են ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մոտ:
Այսպիսով, գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին դիմակայելու է առնվազն 600 հազարանոց էլեկտորատը, ինչը, ճիշտ կազմակերպելու պարագայում, գրեթե անհնարին կդարձնի գործող նախագահի վերարտադրությունը:
Ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը: Նա որևէ պարագայում լուրջ աջակցություն չի ունենալու ժողովրդի կողմից: Մնում է, որ գոնե այս ասպարեզում չառաջանա որևէ այլ միասնական ուժ, որի հետևում կանգնած լինի պատկառելի քանակի ժողովուրդ:
Հասկանալի է, որ եթե գալիք ընտրություններում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն հանդես գան միասնական դիրքերից, ապա Սերժ Սարգսյանի վերընտրվելու խնդիրը կդառնա պրոբլեմատիկ:
Ահա թե ինչու գործող ռեժիմը ամեն ինչ անելու է, որ`
ա/ թույլ չտա ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի որևէ միասնական դրսևորում, այն էլ` նախագահական ընտրությունների շեմին:
բ/ Պետք է մինչև վերջ փորձի կազմաքանդել ՀԱԿ-ը:
գ/ Պետք է փորձի մանր – մունր «մուտիլովկաներ» սարքել ՀՅԴ-ի վրա, որպեսզի վերջինս կախվածության մեջ հայտնվի Բաղրամյան 26-ից:
դ/ Պետք է, այսպես կոչված, «մտրակի և բլիթի» մեթոդով փորձի ազդել ԲՀԿ-ի վրա, որպեսզի տարանջատի ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանից, և վերջինիս քաղաքական հարվածներ հասցնելով` փորձի «կոմպրոմիսային դաշտ» վերադարձնել ԲՀԿ-ին:
Սակայն պետք է նշել, որ բոլոր այս քայլերը ոչ այնքան վնասում են վերը նշված ուժերին, որքան իրեն` գործող նախագահին:
Որովհետև իր քայլերով Սերժ Սարգսյանն ակամայից մատնանշում է հենց այն ուժերին, որոնցից պոտենցիալ վտանգ է զգում:
Դրանով իսկ ակամայից բացահայտում է նաև իր բաց և թաքնված «հաճախորդ» գործիչներին, ովքեր առավոտից երեկո փնովում են հենց վերը նշված ուժերին:
Ենթադրենք, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն միացան և միասնականորեն հանդես եկան գալիք նախագահական ընտրություններում:
Ի՞նչ երաշխիք կա, որ այստեղ էլ գործող նախագահը իր` ընտրություններ անցկացնելու ողջ հմայքը ցույց չի տա. կհարցնի շարքային ընթերցողը:
Բանը կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը իր ողջ ընտրական տեխնոլոգիաների զինանոցը բացահայտեց մայիսի 6-ին: Եվ բոլորի համար արդեն պարզ է, որ առանց ցնցումների գործող նախագահը չի հեռանա:
Եվ հենց այդ հնարավոր ցնցումներից էլ անհանգստացած է Սերժ Սարգսյանը: Որովհետև ինքն էլ շատ լավ է հասկանում, որ զանգվածային ցնցումների պարագայում իր` Սերժ Սարգսյանի մեքենան անզոր կլինի որևէ բան անել: Իսկ թե ինչու՞, սա արդեն այլ վերլուծության թեմա է:
Արտակ Հակոբյան
No comments:
Post a Comment