Popular Posts

Friday, June 22, 2012

Ասում էի չէ՞, պարոն Այվազյանին մի ջղայնացրեք


Քիչ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց Սևանա Լճից 150 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել 93, դեմ՝ 12 պատգամավորներ, ձեռնպահ քվեարկող պատգամավոր չեղավ:


Մինչ օրինագծի ընդունումը Ազգային ժողովում տեղի ունեցավ բուռն քննարկում: Նախ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ դա բնապահպանական լուրջ խնդիր է, և իրենց խմբակցությանը դիմել են բնապահպանները, նշելով, որ խնդիրը շատ լուրջ բնապահպանական խնդիր է առաջացնելու:

Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից էլ խոսելով, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ ջուրը Հայաստանի հարստությունն է, որից Հայաստանը չի կարողանում օգտվել: «Մեր նավթն էլ ջուրն է, և 150 մլն խմ ջուր բաց թողնելը հավասար է 150 հազար տոննա նավթի»,-նշեց Հրանտ Բագրատյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նշեց, որ Սևանը 2002 թվականից սկսել է աննախադեպ տեմպերով բարձրանալ, որը կատարված լավ աշխատանքի արդյունքն է. «Սևանը 2002 թվականից մինչ օրս բարձրացել է 4 մետր 15 սանտիմետր, և հիմա մեր կառավարությունը ջուր է ուզում մեր ժողովրդին տալու համար, հիմա ի՞նչ, չտանք»,- հարցրեց Վարդան Այվազյանը:

Վերջինս իր ելույթի վերջում կոչ արեց բոլորին կողմ քվեարկել: Վարդան Այվազյանի ելույթից հետո էլ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ կատակով ասաց. «Ասում էի չէ՞, պարոն Այվազյանին մի ջղայնացրեք»:


Վարդան Այվազյանի ելույթից հետո ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը հարց տվեց Վարդան Այվազյանին. «Պարոն Այվազյան, կարո՞ղ եք այնպես անել, որ Ենիսեյ գետն էլ Հայաստանով հոսի»: Վահան Հովհաննիսյանի ասածից հետո ԱԺ նիստերի դահլիճում աժիոտաժ սկսվեց: Այդ աժիոտաժի մեջ չլսվեց Վարդան Այվազյանի՝ Վահան Հովհաննիսյանին ուղղված արձագանքը, որը նա ավելի ուշ լրագրողների խնդրանքով ներկայացրեց այսպես. «Երբ որ դուք Բոսֆորը կսարքեք արյան ծով, այն ժամանակ էլ մենք Հայաստանը կսարքենք ծովից ծով, Ենիսեյն էլ Հայաստանով կհոսի»: 


ԲՀԿ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ բնապահպանական և գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ կոչ արեց, որ ամեն ինչ լինի տրամաբանված և թույլ տան, որ գյուղացին կարողանա հողը մշակել:

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս կողմ է քվեարկել նախագծին:

No comments:

Post a Comment