«Հետխորհրդային տարածաշրջանում վերջերս հայտնաբերված նավթի հանքերի շուրջ մրցակցության պատճառով բարձր խաղադրույքներով սպառազինությունների մրցավազք է սկսվել»,- արձանագրում է Foreign Policy ամերիկյան հանդեսը՝ տարածաշրջանի դիտարկմամբ:
Ըստ FP-ի գնահատականի՝ «հերթական ծաղկում ապրող սպառազինությունների վազքի հետևում նորից նավթային քաղաքականությունն է. այս անգամ՝ երկար ժամանակ աչքաթող արված Կասպից ծովում: 5 առափնյա պետություններ այժմ մրցում են դրա խոստացած ածխաջրածնի նկատմամբ իրենց իրավունքի համար: Մի տարածաշրջանում, որտեղ ավանդաբար գերիշխել են Իրանն ու Ռուսաստանը, նախկին խորհրդային երկրներ Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը իրենց սեփական ռազմական հզորություն են հաստատում: Արդյունքը՝ փոխադարձ անվստահության տարօրինակ համադրություն, հազվադեպ համագործացություն և առավել քան թեթև լարվածություն»՝ նկատելով, որ «Ռուսաստանը երկար ժամանակ Կասպից ծովին վերաբերվել է որպես իր բակի լողավազանի, սակայն գլուխ բարձրացնող ռազմածովային տերություններ կան, որոնք ևս այդ ջրերում թաթախում են իրենց ոտքերը»:
«Ռուսաստանն ընդդեմ Իրանի՝ 3 նախկին խորհրդային երկրներով հանդերձ, իսկ մեջտեղում՝ տրիլիոնավոր նավթային դոլարներ». այսպիսին է FP-ի գնահատականը:
Ըստ հոդվածագրի՝ սպառազինությունների աճող մրցավազքում փորձագետներն առաջին անգամ տեսան, երբ Ռուսաստանն ու Ղազախստանը համատեղ զորավարժություններ անկացրին Կասպից ծովում: Ռուսաստանի բացատրությամբ՝ դա նախապատրաստություն էր «Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս բերվելուց հետո անկայունության արտահանմանը»: Սակայն Московский Комсомолец-ը հրապարակել էր իր տրամադրության տակ հայտնված նույն զորավարժությունների քարտեզը, որից պարզ էր դառնում՝ դրանց բուն նպատակը Ղազախստանի նավթահանքերը F-4, F-5 և Su-25 կործանիչներից ու ռմբակոծիչների հարձակումից պաշտպանելն է: Իսկ ենթադրյալ հարձակվողը Իրանն է եղել:
«Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը իրենց նորահայտ հարստությունները պահպանելու համար հապճեպ նոր նավատորմեր են ստեղծում, Ռուսաստանն ու Իրանը ամրացնում են արդեն ունեցածը. այդ ամենը վեր է աճում մի բանի, որ նախկինում ոչ ոք չի տեսել Կասպից ծովում, այն է՝ սպառազինությունների մրցավազքի: Այս աճի հիմնական պատճառը կարող է լինել անվստահությունը, սակայն դա միակ բանը չէ. ավելի փոքր երկրներն էլ են անհանգստանում այն բանից, թե Ռուսաստանի նավատորմային գերիշխանությունը ինչպես է Մոսկվային թույլ տալիս տնօրինել իրենց էներգետիկ քաղաքականությունը: Իրանն ու Ռուսաստանը, միևնույն ժամանակ, վախենում են Կասպից ծովում ամերիկյան և եվրոպական հայտնությունից»,- գրում է FP-ն:
Հոդվածագրի գնահատականով եկել է ժամանակը, երբ մարտահրավեր է նետվում Ռուսաստանի համար մի տեսակ կարգախոս դարձած Պետրոսի Մեծի Խոսքին, որը գրված է Նավատորմի կենտրոնական գրասենյակում. «Մեր շահերը երբեք թույլ չեն տա որևէ այլ պետության հավակնություն ունենալ Կասպից ծովի նկատմամբ»:
Կասպիական էներգետիկ պաշարների փորձագետ Սթիվ Լեվայնի գնահատականով ծովը շուրջ 40 մլրդ բարել նավթ «ունի»՝ գրեթե ամբողջը` 3 երկրների վերահսկման շրջաններում: «Սակայն այն, թե ով ինչ է վերահսկում, բարդ հարց է. մի 2 երկիր իրար միջև երկկողմ համաձայնագրեր են կնքել, որոնցով ծովը բաժանում են միմյանց միջև, իսկ որոշ սահմաններ՝ հիմանակում Իրանին վերաբերող, անորոշ են մնում: Պարզ չէ նաև ստորջրյա Տրանսկասպյան գազամուղի օրինականության հարցը (ինչպես ցանկանում է Թուրքմենստանը՝ Ադրբեջանով դեպի Եվրոպա բնական գազ արտահանելու համար), իսկ թե Ռուսաստանը, թե Իրանը դեմ են նախագծին»:
Ամեն բան հարթ չէ նաև «դաշնակից երկրների» միջև. այսպես՝ Տրանսկովկասյան գազամուղի բերումով գործընկերներ Ադրբեջանն ու Թուրքմենստանը անցած շաբաթ մեղադրանքներ են փոխանակել նավթի վիճելի հանքի շուրջ:
Իրանը ևս վերջերս հայտնել է խոշոր՝ մոտ 10 մլրդ բարել նավթի պաշարների հայտնաբերման մասին, սակայն դեռ չի նշել կոնկրետ տեղը: Ենթադրվում է, որ դա ադրբեջանական ջրերում է: Իր հերթին Ադրբեջանը դեռ չի առաքել Իսրայելից իր հականավային հրթիռները:
Չնայած Ռուսաստանի նավատորմն ամենահզորն է Կասպից ծովում, այդ երկիրը ջանք չի խնայում իր «անմրցունակ» մրցակիցների հետ մրցելու համար. այս տարի Սև ծովից Կասպից ծով կտեղափոխվի ռուսական մեկ ֆրեգատ: Իսկ մինչև 2020-ը Ռուսաստանը նախատեսում է 16 նավ ավելացնել իր կասպյան նավատորմում:
Իրանը երկրորդն է Կասպից ծովում. իր նավատորմը ստեղծել է խորհրդային շրջանում՝ գրեթե ոչնչից: Այսօր ունի մոտ 100 հրթիռային մոտորանավ: Հայտնել է նաև, որ «կործանիչ» է կառուցում, որը լինելու է իր կասպյան նավատորմի ամենամեծ նավը:
Մյուս 3 երկրների նավատորմերի հիմքում խորհրդային ժամանակներից մնացած նավեր են և ամերիկյան նվիրատվություններ՝ պարեկային նավեր: Սակայն, օրինակ, Թուրքմենստանը առափնյա Թուրքմենբաշի քաղաքում ռազմածովային բազա և ակադեմիա է կառուցում և ռուսական 2 հրթիռային մոտորանավ է գնել:
Ղազախստանն այս տարի թողարկել է տեղական առաջին հրթիռային մոտորանավը: Եվս երկուսը գնելու ծրագիր ունի:
Ադրբեջանին FP-ն «դանդալոշ» է անվանում, որը իր բում ապրող պաշտպանական բյուջեի համարյա ամբողջ բյուջեն կենտրոնացրել է ցամաքային և օդային ուժերի վրա՝ «Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու համար»: Սակայն այդ երկիրն էլ վերջերս ավելի շատ կասպյան անվտանգության վրա կենտրոնանալու նշաններ է դրսևորել՝ հականավային հրթիռներ գնելով Իսրայելից:
«Մի քանի ֆրեգատ այս կողմ, մի քանի կորվետ այն կողմ, դեռ չի նշանակում, թե Կասպից ծովը Հարավ-չինական ծովն է, բայց միտումը վտանգավոր է. սա կարող է հանգեցնել ավերիչ հակամարտության, այն դեպքում, երբ երկրներից ոչ մեկը իրականում դա չի ցանկանում: Այս երկրներն իրենց մրցավազքը արդարացնում են պայքարով՝ ահաբեկչական հարձակման կամ ծովահենության դեմ, չնայած որ առայժմն գրեթե չի եղել նման բաների հնարավորություն»,- նկատում է հոդվածագիրը:
«Իրականում Կասպից ծովը անվտանգության դիլեմայի դասական դեպք է, երբ պաշտպանական քայլերը հարևանները կարող են հարձակողական ընկալել»,- արձանագրում է ամերիկյան հանդեսը: Եվ այս առնչությամբ մեջբերում Բաքվի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Ռեշադ Կարիմովին. «Եթե [տարածաշրջանում] որևէ մեկը չափազանց ապահով է, ապա ոչ ոք ապահով չէ»:
No comments:
Post a Comment