Popular Posts

Monday, June 11, 2012

Հայաստանում արձանագրվել է ծնելիության նվազում


Նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է ծնելիության նվազում, որը կազմել է 5,7%, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ բանախոսի, առաջին եռամսյակում ծնվել են 9 569 երեխա.«Սակայն բնականոն հավելաճը, այսինքն` ծնունդները շարունակում են գերազանցել մահվան դեպքերին»,- նշեց Կույումջյանը՝ իբրև հակակշիռ բերելով վերը ասվածին, և պարզաբանեց, որ ծնունդների և մահերի տարբերությունը կազմում է 1616: Այսպիսով.«Պրոմիլը կազմել է 11,7%, այսինքն՝ 1000 բնակչի հաշվով շուրջ 12 ծնունդ»,-ասաց նա:
Կարինե Կույումջյանը նշեց, որ, ըստ մարզային տվյալների, ծնելիության ցուցանիշը առավել բարձր է մայրաքաղաքում՝ 12,3%-ով, բարձր է նաև Արարատի մարզում, Արմավիրի և որոշ չափով էլ Արագածոտնի մարզերում: «Մնացած տեղերում թվային ցուցանիշներն ավելի ցածր են միջին ցուցանիշներից: Ամենից ցածրը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 9,9 պրոմիլ, որին հաջորդում է Լոռու մարզը՝ 10,4 պրոմիլ, Գեղարքունիքի մարզում՝ 10, 9 պրոմիլ»,-ասաց նա և հիշեցրեց, որ սա եռամսյակային ցուցանիշն է:
Բնական հավելաճի գործակցի համաձայն, ըստ նրա, միայն Լոռու և Տավուշի մարզերում է գրանցվել նվազում, այսինքն՝ մահերը գերազանցել են ծնունդներին: «Մնացած բոլոր դեպքերում, հատկապես, Երևանում բավականին մեծ է միջին հանրապետական ցուցանիշից` 3,2 պրոմիլ, այն դեպքում, երբ միջին հանրապետականը 2 պրոմիլ է »,-բացատրեց Կարինե Կույումջյանը:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով՝ տեղի է ունենում այն, ինչ կանխատեսվում էր, այսինքն՝ մահացությունը գնալով ոչ միայն հավասարվելու, այլ գերազանցելու է ծնունդներին:

«Այդ փաստն արդեն առկա է երկու մարզերում և երկիրն ուղիղ գծով գնում է այդ ուղղությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ ծնողներ են դառնում 90-ականների՝ առավել սակավաթիվ սերունդը, բնականաբար, նրանք ավելի քիչ սերունդ են ունենալու, իսկ մահացության տոկոսը շարունակելու է մեծանալ: Իմ գնահատմամբ՝ 5-7 տարիների ընթացքում կունենանք բնակչության բնական աճի բացասական մնացորդ»,-ասաց Ռուբեն Եգանյանն ու հավելեց, որ դրան զուգահեռ այսօր արդյունավետորեն չեն իրականացվում այն միջոցառումները, որոնք կարող են կանխել հիշյալ ցուցանիշերը:

Ըստ ժողովրդագրի, գործոններից մեկն այն է, որ տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով քիչ թե շատ նշանակալից դրական տեղաշարժեր տեղի չեն ունենում, ինչն էլ հանգեցնում է արտագաղթի տեմպերի ավելացմանը, որն ուղեկցվում է սեզոնային արտագնա աշխատանքով և դարձյալ բացասաբար անդրադառնում ծնելիության վրա:
Ըստ Ռուբեն Եգանյանի, որպեսզի վերականգնվի պարզ վերարտադրությունը, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր զույգ ունենա 2,2 երեխա: «Եթե դրանից պակաս է ունենում, ապա աճը չի կարող վերականգնվել»:

No comments:

Post a Comment